«Իդեալական մայրիկ» միֆը. սոցցանցերի ազդեցությունը մայրիկի ինքնագնահատականի վրա

  «Մայրիկ լինելը հրաշք է» ասում են բոլորը։ Բայց սոցցանցերում այդ հրաշքը հաճախ ներկայացվում է փայլուն լուսանկարներով՝ կոկիկ սենյակ, միշտ ժպտացող բալիկ, միշտ հարդարված մազերով մայրիկ՝ գիշերվա ժամը 3-ին էլ պատրաստ լուսանկարվելու։ Եվ ահա այստեղ ծնվում է «իդեալական մայրիկի» միֆը՝ գեղեցիկ, խնամված, համբերատար, միշտ սիրող ու երբեք հոգնած չերևացող կինը։ Բայց ի՞նչ գին ունի այս կատարյալ պատկերը այն իրական մայրիկների համար, ովքեր կարդում են այդ գրառումները կաթից թաց շապիկով ու անքուն գիշերվանից աչքերի տակ մուգ շրջանակներով։


Սոցցանցերը՝ ցուցադրվող կատարելության բեմ

   Ինստագրամում և ՏիկՏոկում մայրիկները հաճախ տարածում են կյանքի գունավոր, լուսավորված դրվագները՝ առաջին քայլ, ժպիտ, նոր կերակուր։ Բայց էկրանից դուրս մնում են անքուն գիշերները, ճիչերը, անձնական տարածքի բացակայությունը, երբ մայրիկը նույնիսկ իր կարիքները հոգալու ժամանակ չունի։ Այս միակողմանի պատկերը ձևավորում է ստանդարտ, որի մեջ մայրիկների մեծ մասը չի տեղավորվում։


    Սոցցանցերում մայրության գեղեցիկ կողմի անընդհատ ցուցադրումը մայրիկի մեջ ստեղծում է հարց. «Ինձ մոտ ինչո՞ւ է միշտ քաոս»։ Դա աստիճանաբար բերում է մեղքի, անհաջողության զգացում և ի վերջո՝ ինքնագնահատականի անկում։


  Հոգեբանության մեջ գոյություն ունի տերմին՝ «սոցիալական համեմատություն»։ Երբ մարդիկ մշտապես համեմատում են իրենց կյանքը ուրիշների հետ՝ հաճախ առանց հասկանալու, որ տեսնում են միայն «լավագույն մոնտաժը», ոչ թե ամբողջ պատմությունը։

  Մայրիկների շրջանում սա առանձնահատուկ սուր է զգացվում։ Իրականության և վիրտուալ «կատարելության» հակադրությունը մեծացնում է ճնշումը։ Հետծննդաբերական հորմոնալ փոփոխությունների ֆոնին նման համեմատությունը կարող է խորացնել դեպրեսիվ և տագնապային վիճակները։


  Մեր մշակույթում մայրիկի կերպարը վաղուց ի վեր կապված է համբերության և անսահման նվիրման հետ։ Այս արժեքները կարևոր են, բայց երբ այն դառնում է պարտադրանք՝ «մայրիկը չպետք է բողոքի», «մայրիկը պիտի միշտ ժպտա», սկսվում է հոգեբանական ճնշումը։ Սոցցանցերն այս պատկերն ավելի են սրում։ Այս իրավիճակում մայրիկը սկսում է խաղալ դերասանություն. ժպտալ, լուսանկարել գեղեցիկ պահերը, բայց ներսում ճչալ։ Եվ քանի որ ոչ ոք չի խոսում իրական հուզումների մասին, սկսում է մտածել՝ «մենակ ես եմ այսպես զգում»։


Կարևոր է խոսել «ոչ կատարյալ» մայրիկի մասին։

  Իրականությունը այն է, որ մայրիկ լինելը նշանակում է հոգնել, երբեմն չհասցնել, նույնիսկ նյարդայնանալ և սա նորմալ է։ Այո, մայրությունը հրաշք է, բայց նաև ամենաբարդ հոգևոր և ֆիզիկական ուղիներից մեկը։


  Մայրիկների իրական պատմությունների, անկեղծ խոսքերի տարածումը կարող է ստեղծել առողջ պատկեր սոցցանցերում։ Ավելի շատ անկեղծ գրառումներ, կիսված պայքարներ, և խոստովանություններ՝ «այսօր չհասցրի անգամ ճաշել» կարող են օգնել մյուս մայրիկներին ասել՝ «Ես միայնակ չեմ»։


  Ինչ անել՝ դուրս գալու համար «կատարյալ մայրիկի» թակարդից

🔸Հետևիր այն էջերին, որոնք տարածում են անկեղծություն, ոչ միայն գեղեցիկ նկարներ։

🔸Հիշիր՝ ամեն լուսանկար ճշմարտություն չէ։

🔸Հետևիր քո, ոչ ուրիշների ստանդարտներին։

🔸Խոսիր քո զգացումների մասին. դա խիզախություն է, ոչ թուլություն։


    Պետք է գիտակցել՝ իդեալական մայրիկ չկա։ Կա իրական մայրիկ՝ հոգնած, նվիրված, սիրող, երբեմն կասկածող, բայց միշտ պայքարող։ Եվ հենց այս անկատարության մեջ է մայրության իսկական գեղեցկությունը։ Երբ ընդունում ես քեզ այնպես, ինչպես կաս, ամեն ինչ կարծես ներդաշնակ է դառնում։ Որովհետև երեխաները կարիք չունեն «ինստագրամային մայրիկի»։ Նրանք ուզում են պարզապես քեզ՝ իրական, տաքուկ ու անկեղծ։ 

Комментарии

Популярные сообщения