Ինչպե՞ս արագ վերականգնել էներգիան սթրեսից հետո
Երբ հոգին հոգնած է, մարմինը դժվարությամբ է առաջ շարժվում…
Սթրեսն այսօր դարձել է մեր կյանքի գրեթե մշտական ուղեկիցը։ Աշխատանքային ճնշումներ, ընտանեկան հոգսեր, տեղեկատվական հեղեղ… սթրեսը աննկատ կլանում է մեր էներգիան՝ թողնելով հոգնածություն, անտարբերություն ու երբեմն նույնիսկ ֆիզիկական ցավեր։ Բայց արդյո՞ք հնարավոր է արագ վերականգնել այդ կորցրած ուժը։ Պարզվում է՝ այո՛, եթե իմանաս ճիշտ մոտեցումները։
🌿Դադարիր պայքարել ու պարզապես՝ շնչիր
Սթրեսի պահին մեր շնչառությունը դառնում է կարճ ու սուր։ Բայց 2-3 րոպե խոր շնչառություն կատարելով՝ ուղեղն ավելի շատ թթվածին է ստանում, նյարդային համակարգը սկսում է հանգստանալ։ Փակիր աչքերդ, խորը շունչ քաշիր քթով, պահիր մի քանի վայրկյան և արտաշնչիր բերանով։ Կրկնի՛ր սա 10 անգամ՝ ուշադրությունդ կենտրոնացնելով շնչառության վրա։
🌿2. Ջուր՝ կյանքի էներգիան
Սթրեսը խաթարում է ջրային բալանսը մարմնում։ Մեկ բաժակ մաքուր, չգազավորված ջուրը կարող է բառացիորեն «լվալ» լարվածությունը։ Եթե ավելացնես մի կտոր կիտրոն կամ մի քանի կաթիլ վարդաջուր՝ ազդեցությունը կլինի ավելի թարմացնող։
🌿3. Երաժշտություն՝ հոգու վիտամինը
Հանգստացնող երաժշտությունը նվազեցնում է սրտի զարկերը, արյան ճնշումը և հորմոնալ լարվածությունը։ Ընտրիր բնության ձայներ, դանդաղ ջազ կամ ներդաշնակող դաշնամուրային մեղեդիներ։ Նույնիսկ 5 րոպե երաժշտություն լսելը վերականգնում է ներքին հավասարակշռությունը։
🌿 4. Հպում, շարժում, մարմնի կապ
Սթրեսի ժամանակ մեր մարմինը կծկվում է։ Փորձիր մի փոքր ձգվել՝ ձեռքերդ վեր պարզելով։ Կարող ես նաև անել 1-2 պարզ յոգայի դիրք կամ ուղղակի սեղմել ուսերդ, պարանոցդ, թեթև մերսել ձեռքերդ։ Շարժումն արթնացնում է էներգիան մարմնում։
🌿 5. Մարմինը հիշում է քո խոսքը․ դրական ինքնազրույց
Փորձիր քո ներսում փոխել լեզուն։ Սթրեսի պահին մի՛ կրկնիր «հոգնել եմ», «չեմ կարող», «բոլորը վատ է»։ Փոխարենը ասա՝
👉 «Ես հանգիստ եմ»
👉 «Անցողիկ է»
👉 «Ես վերականգնվում եմ»
Դու կզարմանաս, թե որքան արագ այս նախադասությունները կազդեն հոգեկան ու ֆիզիկական վիճակիդ վրա։
🌿 6. Բնություն՝ բաց աչքերով մեդիտացիա
Նույնիսկ եթե դուրս գալու ժամանակ չունես՝ նայիր ծառին, երկնքին, ծաղիկի պատկերին։ Բնությունը վերականգնելու մագիայով է օժտված։ Արևի լույսը, կանաչ գույնը և բաց տարածությունը հանգստացնում են գլխուղեղի լարվածությունը։
🌿7. Տաք թեյի ուժը
Բնական խոտաբույսերից պատրաստված մեկ բաժակ տաք թեյ՝ օրինակ նանայով, երիցուկով կամ կիտրոնով, ունի սեդատիվ (հանգստացնող) ազդեցություն։ Այն ոչ միայն հանգստացնում է նյարդերը, այլև ստեղծում է ջերմության և հարմարավետության զգացողություն։
Էներգիայի վերականգնումը կախված է փոքրիկ, բայց իմաստալից քայլերից։ Երբ հոգնած ես, մի՛ փորձիր անմիջապես «դառնալ մարտական», այլ՝ լսի՛ր քեզ, շունչ քաշիր ու հիշի՛ր՝ սթրեսը վերջակետ չէ։ Դա ընդամենը մի էջ է, որից հետո նոր էներգիան արդեն գալիս է։
💚Զգա քեզ, ընդունիր քեզ և թույլ տուր քեզ հանգստանալ։
Комментарии