Համաստեղություններ

Դեռևս հնում մարդիկ նկատել էին, որ աստղերի որոշ խմբեր երկնքում առաջացնում են արտասովոր պատկերներ: Այդ պատկերներն անվանեցին համաստեղություններ կամ, ինչպես նաև ասում են մեզանում, աստեղատներ: Շատ համաստեղությունների անուններ կապվեցին հնագույն լեգենդների հետ:
Այժմ աստղային ողջ երկինքը բաժանված է 88 համաստեղությունների, որոնցից 47-ի անունները ծագում են հին հունական առասպելներից:
Երկնքի հյուսիսային կիսագնդում փայլում են Կասիոպեա, Անդրոմեդա, Պեգաս, Պերսեոս, Օրիոն, Հերկուլես, Մեծ արջ համաստեղությունները: Հին հույներից մեզ հասած մի ավանդության համաձայն, օրինակ, Մեծ արջը գեղեցկուհի Կալիստոն է, որին արջ, ապա նաև համաստեղություն է դարձրել գերագույն աստված Զևսն իր խանդոտ կնոջ՝ աստվածուհի Հերայի հալածանքներից նրան փրկելու համար: Մեկ այլ համաստեղություն կրում է հին հունական դիցաբանական հերոս Հերակլեսի (լատիներեն Հերկուլեսի) անունը: Նրա առասպելական քաջագործությունների մասին են հիշեցնում Առյուծ և Հիդրա համաստեղությունների անունները: Համաստեղությունների շարքում տեղ են գտել և՜ Պեգաս թևավոր ձին, և՜ Երկվորյակները՝ Զևսի Կաստոր և Պոլուքս որդիները:
17-րդ դարում ասպարեզ եկան համաստեղությունների նոր անուններ՝ Սիրամարգ, Տուկան, Հնդիկ, Դրախտային թռչուն: Սրանք հիշեցնում էին այդ շրջանում եվրոպացիների հայտնագործած անդրծովյան զարմանահրաշ երկրների մասին: 18-րդ դարում աստղագետները համաստեղություններին էլի շատ անվանումներ տվեցին, այդ թվում՝ Ժամացույց, Կողմնացույց, Աստղադիտակ, Մանրադիտակ, Վառարան: Նախորդ համաստեղություննեի հետ դրանք լցրեցին աստղային երկնքի թե՜ հյուսիսային և թե՜ հարավային կիսագնդերը:
Հատուկ տեղ են գրավում այսպես կոչված Կենդանաշրջանի (հունարեն՝ Զոդիակոսի) համաստեղությունները: Դրանք 12-ն են՝ Ձկներ, Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս: Այս համաստեղություններն առանձնանում են նրանով, որ տարվա ընթացքում Արեգակը տեղաշարժվում է հենց սրանց ֆոնին, ընդ որում Կենդանաշրջանի ամեն մի համաստեղությունում այն գտնվում է մոտավորապես մեկական ամիս:

Հայերը մի շարք համաստեղությունների տվել են նաև ուրիշ անուններ: Օրինակ, Օրիոնին կոչել են իրենց առասպելական անվանադիր նախնու՝ Հայկի, Հերկուլեսին՝ <<Վիշապաքաղ>> Վահագնի՝ կայծակի ու ամպրոպի աստծու անուններով: Մեծ արջն անվանել են նաև Եզներ, Սայլ, Շերեփ: Հին ու միջնադարյան Հայաստանում հատկապես մեծ նշանակություն են տվել Կենդանաշրջանի կամ, ինչպես երբեմն ասել են, Կենդանակերպի համաստեղությւններին: Կարծել են, թե նրանք են տեղաշարժում Արեգակը և դրանով իսկ առաջ բերում տMariana sարվա այս կամ այն եղանակը: Գիշերը, անծանոթ տեղանքում, դրանք օգնում են գտնելու ճիշտ ճանապարհը:

Mariana Sargsyan

Популярные сообщения