Դեպրեսիայի առաջին նշանները․ ինչպե՞ս ճանաչել և աջակցել

  Դեպրեսիան համարվում է հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից մեկը։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ տարբեր ժամանակներում բախվում են դրա հետ։ Այնուամենայնիվ, դեպրեսիան հաճախ մնում է անտեսված, քանի որ առաջին նշանները մարդիկ ընդունում են որպես սովորական հոգնածություն կամ կյանքի դժվար փուլ։ Սակայն կարևոր է հասկանալ, որ դեպրեսիան միայն տխրություն կամ տրամադրության անկում չէ այն ազդում է մարդու կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա՝ ներառյալ մտքերն ու զգացմունքները, ֆիզիկական վիճակը, ինչպես նաև սոցիալական հարաբերությունները։

Ինչպե՞ս ճանաչել դեպրեսիայի առաջին նշանները

Դեպրեսիան չի զարգանում մեկ օրվա ընթացքում։ Սկզբնական փուլում այն կարող է արտահայտվել փոքր փոփոխություններով, որոնք հեշտ է անտեսել

  1. Տրամադրության երկարատև անկում
    Եթե մարդը շաբաթներ շարունակ իրեն ընկճված է զգում, չի ցանկանում շփվել և դժվարանում է ուրախություն զգալ նույնիսկ հաճելի իրադարձությունների ժամանակ, սա կարող է լինել առաջին ազդանշաններից։
  2. Հետաքրքրության կորուստ առօրյա զբաղմունքների նկատմամբ
    Գործունեությունները, որոնք նախկինում հաճելի էին՝ երաժշտություն լսելը, ընկերների հետ հանդիպելը կամ հոբբիները, այլևս չեն առաջացնում նույն զգացումները։
  3. Քնի և սննդի խանգարումներ
    Դեպրեսիան հաճախ ուղեկցվում է քնի ռեժիմի փոփոխություններով
    ոմանք շատ են քնում, մյուսները՝ քիչ։ Նույնը կարող է վերաբերվել նաև սննդին՝ կամ ախորժակի կորուստ, կամ հակառակը՝ ավելացված ուտելու կարիք։
  4. Հոգնածություն և էներգիայի պակաս
    Նույնիսկ առօրյա պարզ գործերը, ինչպիսիք են տունը մաքրելը կամ աշխատանքային խնդիրները լուծելը, դառնում են բարդ ու ծանր։
  5. Մտավոր կենտրոնացման դժվարություններ
    Մարդը դժվարությամբ է կենտրոնանում, ավելի դանդաղ է արձագանքում և հաճախ մոռանում է կարևոր մանրամասներ։
  6. Ֆիզիկական նշաններ
    Գլխացավեր, մկանային լարվածություն, որովայնի ցավեր կամ մարսողական խնդիրներ, որոնք չունեն ակնհայտ բժշկական պատճառ, նույնպես կարող են կապված լինել դեպրեսիայի հետ։

Ինչու՞ է դեպրեսիան հաճախ աննկատ մնում

Դեպրեսիան տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Ոմանց մոտ այն ակնհայտ է, մյուսների մոտ՝ թաքնված։ Բացի այդ, հասարակությունում դեռ պահպանվում է այն կարծիքը, թե «մարդը պետք է պարզապես ուժ գտնի և հաղթահարի իր դժվարությունները»։ Սա հանգեցնում է նրան, որ մարդիկ չեն դիմում օգնության և երկար ժամանակ շարունակում են ապրել անլուծելի թվացող վիճակում։

Ինչպե՞ս աջակցել դեպրեսիայի մեջ գտնվող մարդուն

Աջակցությունը մեծ դեր ունի։ Շրջապատի ճիշտ վերաբերմունքը կարող է օգնել մարդուն ավելի արագ վերականգնվել։

  • Լսել առանց գնահատելու երբ մարդը խոսում է իր ապրումների մասին, կարևոր է նրան չընդհատել ու չփորձել անմիջապես խորհուրդ տալ։ Երբեմն պարզապես լսելը բավարար է։
  • Խուսափել դատողություններից արտահայտություններն ինչպես «վերցրու քեզ ձեռքերի տակ» կամ «դու պարզապես ծույլ ես» կարող են խորացնել մեկուսացման զգացումը։
  • Առաջարկել մասնագիտական օգնություն կարելի է մեղմորեն խորհուրդ տալ դիմել հոգեբանի կամ հոգեբույժի, բայց առանց պարտադրանքի։
  • Օգնել առօրյայում փոքր աջակցությունը՝ խանութ գնալը, տնային գործերում օգնությունը կամ միասին զբոսանքը, կարող է թեթևացնել ծանրաբեռնվածության զգացումը։
  • Համբերատար լինել դեպրեսիայի հաղթահարումը երկար գործընթաց է։ Կարևոր է հասկանալ, որ արագ արդյունքներ չեն լինում։

Դեպրեսիան լուրջ խնդիր է, բայց այն բուժելի է։ Գլխավորն այն է, որ առաջին նշանները չանտեսվեն։ Ժամանակին ուշադրություն դարձնելը, անկեղծ զրույցը և մասնագետի օգնությանը դիմելը կարող են կանխել իրավիճակի խորացումը։ Իսկ ընտանիքի և ընկերների աջակցությունը մեծապես նպաստում է մարդու հոգեկան առողջության վերականգնմանը։


 

Комментарии

Популярные сообщения