Մայրիկը և կարիերան․ իրական հավասարակշռություն թե՞ մշտական մարտահրավեր
Երբ ծնվում է փոքրիկը, թվում է, թե ամբողջ աշխարհն սկսում է պտտվել միայն նրա շուրջ։ Բայց այդ նույն պահին մայրիկը ինքն իրեն հարց է տալիս՝ «Իսկ հետո ի՞նչ… ես կվերադառնա՞մ աշխատանքի, կարո՞ղ եմ լինել և՛ լավ մայր, և՛ արդյունավետ մասնագետ»։ Այս երկընտրանքը սկսում է ձևավորվել դեռ ծննդից առաջ ու երբեմն ուղեկցում է տարիներ շարունակ։
Այս թեման մի քանի սերունդ շարունակ կարծես պատված է լռությամբ, մեղքի զգացումով կամ պարտադրած ընտրությամբ՝ «կամ երեխան, կամ կարիերան»։ Բայց արդյոք կարելի՞ է գտնել իրական հավասարակշռություն, թե՞ սա ընդմիշտ մնալու է մշտական ներքին պայքար։
Մարտահրավեր 1․ Սեփական ինքնության փնտրտուք
Մայր դառնալը գեղեցիկ, բայց ուժգին փոփոխություն է։ Եվ այն հաճախ բերում է ինքնության ճգնաժամի՝ «Ես այլևս այն չեմ, ինչ կայի։ Բայց ո՞վ եմ հիմա»։
Կարիերան շատերի համար ինքնաարտահայտման, զարգացման և նաև ֆինանսական անկախության միջոց է։ Մայրությունը՝ նվիրման, սիրո ու պատասխանատվության ամենաբարձր դրսևորում։ Երբ այս երկուսը հանդիպում են մի կնոջ ներսում, հակասությունները անխուսափելի են դառնում։
Մարտահրավեր 2․ Հասարակության սպասելիքները
.Մայրը, որ շուտ է վերադառնում աշխատանքի նշանակում է «երեխային մենակ է թողնում»։
.Մայրը, որ երկար է մնում տանը՝ «կարիերա չունի, ինքն իրեն չի զարգացնում»։
Այս կարծրատիպերն ու չարտահայտված ճնշումները, հաճախ կանանց ստիպում են ապրել մեղքի, վախի և անվստահության մեջ՝ անկախ իրենց ընտրությունից։ Իսկ ինչո՞ւ չի ընդունվում այն պարզ ճշմարտությունը, որ յուրաքանչյուր մայր իր ընտրությունը անում է սիրով, իր ընտանիքի պայմաններին համապատասխան։
Մարտահրավեր 3․ Ժամանակի բալանս և անտեսված կարիքներ
Աշխատող մայրերը հաճախ ապրում են այս զգացողությամբ՝ «երբ աշխատում եմ, կարոտում եմ երեխայիս։ Երբ տանն եմ՝ մտածում եմ չավարտած գործերի մասին»։
Բայց կա՞ լուծում
Այո՛, եթե ընդունենք, որ հավասարակշռությունը կայուն վիճակ չէ, այլ շարժման մեջ եղող ճկունություն։ Այլ կերպ ասած՝ պետք չէ փորձել ամեն բան հասցնել կատարյալ։ Պետք է սովորել լսել քեզ, օրվա ընթացքում ընտրել՝ երբ ես ավելի շատ պետք քո երեխային, իսկ երբ՝ գործին կամ ինքդ քեզ։
Որոշ մայրիկներ գտնում են իրենց ուղին մասամբ աշխատելով։ Ուրիշները որոշում են մի որոշ ժամանակ դադար տալ աշխատանքին։ Ուրիշներն էլ նոր մասնագիտություն են սովորում հենց մայրության տարիներին՝ նորովի բացահայտելով իրենց։
Հավասարակշռությունը սկսվում է այն պահից, երբ դադարում ես ապացուցել ուրիշներին, թե «հասցնում ես ամեն ինչ», և սկսում ես ապրել քեզ համար կարևոր արժեքներով։
Որովհետև լավ մայր լինելու համար պետք չէ զոհաբերել ողջ կյանքդ։ Եվ լավ մասնագետ լինելու համար պետք չէ մոռանալ, որ փոքրիկ ձեռքերն ամեն բան հիշելու են քո սիրով, ոչ թե բացակայություններով։
Կարիերան ու մայրությունը կարող են ապրել կողք կողքի՝ եթե սիրով, անկեղծությամբ և քո սահմաններով ձևավորես նրանց գոյակցության միաձուլվածքը։
Комментарии