Ճակատագիր թե՞ ընտրություն. հակադրություն թե՞ համագործակցություն

  Կա՞ արդյոք ճակատագիր, եթե այո, ապա ուր է կորել ընտրության հնարավորությունը։


  Երբ նստում ենք կյանքի մի հանգուցային պահի առջև և մտածում, թե ինչ որոշում կայացնենք, երբեմն գլուխ ենք բարձրացնում մի հարցով. իսկ կա՞ արդյոք ընտրության իրական հնարավորություն։ Եթե ամեն բան արդեն կանխորոշված է, եթե ինչ-որ «ճակատագիր» որոշել է մեր ուղին, ապա արդյո՞ք մեր ընտրություններն իրականում ընտրություններ են թե՞ ուղղակի պատրանք։


  Այս հարցը նոր չէ․ այն մաշել է փիլիսոփաների սեղանների փայտը, հուզել գրողների ու հոգևորականների հոգին, ու միշտ թակել է մարդկային մտքի դուռը։ 


  Ճակատագիրը կարծես նախանշված ուղի է։ Շատ մշակույթներում ճակատագիրը ներկայացվում է որպես մի ուժ, որն անտեսանելի թելերով ուղղորդում է մարդու կյանքը։ Հին հույների մոտ այն կոչվում էր «μοῖρα» (մոյրա)՝ կանայք, որոնք գործում էին կյանքի թելերը։ Արևելյան փիլիսոփայություններում էլ հաճախ խոսվում է «կարմայի» մասին՝ որպես նախկին արարքների հետևանք։ Այս պատկերացումներում մարդու կյանքն ունի մի մեծ պլան, որի շրջանակում ապրում է նա՝ անկախ իր ցանկություններից։


  Այսպիսի մոտեցումը մխիթարող է մի կողմից. «ամեն ինչ պատահական չէ» գաղափարն ապահովության զգացում է տալիս։ Բայց մյուս կողմից այն կարող է սպանել պատասխանատվության զգացումը։ Եթե ամեն ինչ նախապես որոշված է, ապա ինչո՞ւ ջանք թափել։ Արդյոք դա չի սպանում պայքարելու, ընտրելու, սխալվելու իրավունքը։ Այստեղ է որ առաջ է գալիս մարդու ազատ կամքը՝ որպես մարդկային արժանապատվություն։ Ի հակադրություն ճակատագրի ընկալմանը՝ ազատ կամքի գաղափարը հիմնվում է այն համոզման վրա, որ մարդն ունակ է գիտակցված ընտրություններ կատարել և պատասխանատու է դրանց հետևանքների համար։ 


   Այս տեսանկյունից ոչ մի բան նախապես գրված չէ։ Մենք ամեն պահի նոր էջ ենք գրում մեր կյանքի գրքում։ Ճակատագրի փոխարեն մեր որոշումներն են ուղղորդում մեզ մեր կյանքի ճանապարհին։


   Բայց այստեղ էլ ծագում է հարց. իսկ այդ «ազատ» կամքը որքանո՞վ է ազատ։ Մենք որոշումներ ենք կայացնում՝ ելնելով մեր միջավայրից, ընտանիքի պատկերացումներից, նույնիսկ գենետիկ նախահակումներից։ Այսինքն՝ արդյո՞ք ամբողջովին ազատ ենք ընտրելու թե՞ պարզապես ընտրում ենք այն տարբերակները, որոնք արդեն մեզ են մղվում ներսից։


   Բայց այս ամենին զուգահեռ մի՞թե հնարավոր չէ շղթա գործել ճակատագրի  և ընտրության միջև։ Երբեմն թվում է՝ հակադրության փոխարեն կարելի է պատկերացնել համագործակցություն։ Ինչ-որ սահմաններում գծագրված ճակատագիրը կարող է լինել կյանքի արահետը, իսկ ընտրությունը՝ այն ուղղությունը, որի շնորհիվ էլ անցնում ենք այդ արահետը։


       Պատկերացրու ճակատագիրը որպես քարտեզ, որտեղ նշված են քաղաքները, իսկ դու՝ որպես ճանապարհորդ, ինքդ ես որոշում՝ որ ճանապարհով գնալ, որտեղ կանգ առնել, որտեղ արագացնել։ Որոշ կանգառներ գուցե անխուսափելի են, բայց ճանապարհի ձևավորումը քո ձեռքերում է. ընտրության հարց է։


      Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր ապրած կյանքին, երբեմն ասում ենք 

«Դե դա պիտի պատահեր», բայց միևնույն ժամանակ չենք մոռանում այն պահերը, երբ «մենք ընտրեցինք»։ Գուցե ճակատագիրը չի վերացնում ընտրության հնարավորությունը, այլ պարզապես բերում է մեզ մի կետի, որտեղ ընտրության կարիքը անխուսափելի է դառնում։


    Ահա ինչու, գուցե ճակատագիրը, եթե այն գոյություն ունի, պարզապես հիմք է՝ ազատ կամքով կերտելու մեր ուղին։

Ու եթե ինչ-որ բան արդեն գրված է, ապա գուցե միայն սկիզբն ու ավարտը։ Իսկ միջին հատվածը՝ պատմությունը, ամեն քայլը, ամեն բախում, ամեն «այո» կամ «ոչ»… դրանք մեր ձեռագիրն են։


   Ուրեմն կա՞ ճակատագիր։ Գուցե։ Բայց արդյո՞ք դա խլում է ընտրության հնարավորությունը։ Կարծես թե՝ ոչ։ Մարդու մեծությունը հենց այն է, որ նա նույնիսկ սահմանների ներսում գտնում է ընտրության ազատությունը։ Իսկ երբ ընտրության հնարավորությունն ու ճակատագրի անբացատրելի ուժը միախառնվում են, ստացվում է այն, ինչ անվանում ենք կյանք։ Մեր կյանքը։


   Փիլիսոփա Սարտրը պնդում էր, որ «մարդը դատապարտված է ազատության»՝ որովհետև անգամ չընտրելը ինքնին ընտրություն է։

Комментарии

Популярные сообщения