Ինքնազարգացման իրական ուղին՝ առանց ինքնախաբեության
Ինքնազարգացման մասին խոսակցությունները հաճախ պատված են պարզունակ կարգախոսներով, հուզական շեշտադրումներով ու գերակշռող միֆերով, որոնք իրականում չեն ծառայում զարգացման նպատակին։ «Դու կարող ես ամեն ինչ», «Պարզապես մտածիր դրական» կամ «Արի՛ դուրս քո հարմարավետության գոտուց»՝ այսպիսի արտահայտությունները կարող են հնչել ոգեշնչող, բայց չեն տալիս գործնական ուղեցույցներ։ Ավելին՝ դրանք հաճախ մղում են մարդկանց ինքնախաբեության մեջ ընկնելու։ Իրական ինքնազարգացումը զգուշավոր, երբեմն ձանձրալի, բայց կայուն գործընթաց է։ Այն պահանջում է ավելի շատ անկեղծություն, քան մոտիվացիա։
Իրականությունը ճանաչելն ու ընդունելը
որպես մեկնակետ
Ինքնազարգացման առաջին և ամենաանհրապույր քայլը դա սեփական
իրավիճակի, թուլությունների ու սահմանափակումների անկեղծ ճանաչումն է։ Շատերը
նախընտրում են փոխարինել այդ քայլը ինքնաբավության մասին կեղծ համոզմունքներով կամ
իդեալականացված տեսլականներով։ Բայց իրական զարգացումը սկսվում է այնտեղ, որտեղ
մարդը, առանց ձևականությունների, տեսնում է՝ ինչ կարող է և ինչ չի կարող, ինչ ունի
և ինչին չի հասել՝ ոչ թե մեղադրելու կամ խղճալու համար, այլ պարզապես հենման կետ
ունենալու։
Նպատակի հարցը՝ ճշգրտություն և
ժամանակայնություն
Անկայուն նպատակները, հաճախ փոխվող ցանկությունները կամ
ուրիշների կողմից ներշնչված «կյանքի նպատակը» խանգարում են կայուն առաջընթացին։
Ինքնազարգացման ճանապարհին անհրաժեշտ է մշակել ոչ թե «մեծ» նպատակ, այլ՝ կոնկրետ,
չափելի, իրատեսական նպատակ, որը կապված է տվյալ պահին առկա հնարավորությունների
հետ։ Պետք չէ հետապնդել ընդհանրական գաղափարներ՝ «դառնալ ավելի լավ մարդ» կամ
«ապրել իմ լավագույն կյանքը»։ Դրանք ձգվող ստվերներ են, ոչ թե ուղեցույցներ։
Սովորելու պատրաստակամությունը՝ առանց
փառքի սպասման
Իրական ինքնազարգացումը ենթադրում է սովորելու անընդհատ
գործընթաց՝ հաճախ առանց ակնթարթային պարգևի։ Սովորելը ոչ միայն նոր տեղեկություններ
ձեռք բերելն է, այլ նաև՝ սեփական սխալներից հետևություններ անելն ու ընդունելն
առանց ներքին դիմադրության։ Այստեղ նույնպես ինքնախաբեությունը կարող է խանգարել.
մարդիկ հաճախ մտածում են, որ իրենց փորձը բավարար է, իսկ նորն՝ անարժեք։ Իրական
աճը սկսվում է այնտեղ, որտեղ վերջանում է հպարտությունն ու սկսվում է սովորելը։
Ստեղծել ռեժիմ, ոչ թե կախվածություն
ոգեշնչումից
Հաճախ ինքնազարգացումը կապում են ոգեշնչման կամ «բարձր
էներգիայի» պահերի հետ։ Իրականում այն կախված չէ հոգեվիճակից։ Հնարավոր չէ ամեն օր
մոտիվացված լինել, բայց հնարավոր է սովորություն ձևավորել։ Ռեժիմը, որը աշխատում է
անկախ ձեր տրամադրությունից, ավելի հզոր գործիք է, քան լավագույն դեսերտացիան
ինքնազարգացման մասին։ Քնելու ճիշտ ժամ, օրական որոշակի ժամանակ գրքի կամ
հմտության վրա կենտրոնանալու համար, վարժանքների կամ հանգստի ռեժիմ՝ այսպիսի պարզ
բաները երկարաժամկետ արդյունք են տալիս։
Մարդկային հարաբերությունների դերը
Ինքնազարգացումը հաճախ ներկայացվում է որպես մենակ պայքար՝
«ինքդ քո դեմ»։ Իրականում շրջապատը կարևոր գործոն է։ Դու ձևավորվում ես քո
միջավայրում, քո հարաբերությունների որակի մեջ։ Պետք է ընտրել այն մարդկանց, ովքեր
նպաստում են քո ըմբռնման խորացմանը, ոչ թե՝ միայն քո հաճելի զգացմունքներին։
Ինքնազարգացման իրական ուղու վրա հարաբերությունները զտվում են. մնում են միայն
այն մարդիկ, ում ներկայությունը կառուցողական է, նույնիսկ՝ եթե երբեմն անհարմար է։
Աճը որպես բաց գործընթաց, ոչ թե նախագծի ավարտ
Հաճախ մարդիկ մտածում են, թե որոշ փուլից հետո
«ինքնազարգացումը կավարտվի», և իրենք կհասնեն մի վիճակի, որտեղ ամեն բան պարզ ու
կայուն կլինի։ Բայց աճը գործընթաց է, ոչ արդյունք։ Ամեն նոր հասկացում բացում է
նոր հարցեր, ոչ թե փակում հները։ Եթե դու երբևէ մտածում ես, որ «բավական է», ապա
արդեն կանգ առած ես։ Իրական ինքնազարգացման ուղին մշտական վերանայում է պահանջում՝
ոչ թե կասկածելու համար ամեն ինչ, այլ՝ մնալու սթափ ու ճկուն։
Չդառնալ «զարգացածի» կերպար
Ինքնազարգացումը հաճախ վերածվում է նոր ինքնության՝ «զարգացած»
մարդու կերպարի։ Դա վտանգավոր ինքնախաբեություն է, երբ մարդն իրեն պատկերացնում է
իբրև վերին մակարդակի անձնավորություն։ Իրական աճը հանգիստ է, առանց
ցուցադրականության։ Այն արտահայտվում է վարքով, ոչ թե խոսքերով։ Ոչ ոք պարտավոր չէ
իմանալ, որ դու աշխատում ես քո վրա։ Իրական առաջընթացը հանգիստ ու համեստ է,
երբեմն՝ աննկատ։
Комментарии