Ամանորյա խառնաշփոթ՝ հայկական մոտիվներով
Տան մաքրությունը ինչպես մարաթոն
Հայկական Ամանորը սկսվում է տոնից շատ առաջ մեծ մաքրությամբ: Տան տիկինները պատրաստ են մաքրել ամեն անկյունն ու ամենը դետալը. «Բազմոցի տակ չմոռանաս»,- ձայն է տալիս մայրիկը, տպավորություն ստեղծելով, թե Ամանորը նշվում է միայն այն տան մեջ, որտեղ բազմոցի տակ անգամ փոշի չկա։ Նույնիսկ սառնարանը պիտի փայլի, քանի որ ով գիտի, հանկարծ հյուրերից մեկը կբացի՞։
Տոլմա, Դոլմա ու կրկին տոլմա. Ամանորը Հայաստանում առանց տոլմայի նույնն է, ինչ տոնածառն առանց լույսերի։ Հազարավոր խաղողի տերևներ լցվում են խոհանոց, և ամբողջ ընտանիքը ներգրավվում է փաթաթելու գործում։ Եվ մեծագույն հարցն այն է՝ այս տարի ամանորյա սեղանին դնել խոզի բուդ թե՞ հնդկահավ:
Իսկ հայկական ամանորյա սեղանի գաղափարը շատ պարզ է. եթե ամանորյա սեղանը չի «ճկվում» ուտեստների ծանրությունից, ուրեմն դեռ պետք է ավելացնել։
Հյուրեր՝ առավոտից երեկո
Հայկական Ամանորը հայտնի է իր «անկոտրում» հյուրասիրությամբ։
Առավոտից սկսվում է հյուրերի շրջայցը, և միևնույն ընտանիքի անդամները կարող են միաժամանակ հյուրընկալել ու հյուր գնալ։ Եվ ոչինչ չի սահմանափակվում պարզապես սուրճի սեղանի շուրջ։
Հոգեբանական խառնաշփոթ
Ամեն տարի կրկնվում է նույն երկընտրանքը՝ «Ի՞նչ հագնեմ Ամանորին, որ և՛ շքեղ լինի, և՛ հարմարավետ»։
Հոգեբանական խառնաշփոթին գումարվում է մաղթանքների սթրեսը. Ամանորյա զանգերի ընթացքում պետք է 10 վայրկյանում մտածել ստեղծագործական մաղթանք՝ այն հնչեցնելով այնպես, որ կարծես հենց նոր է մտքիդ եկել։
«Մեր ժամանակները» ընդդեմ «նորաձև մոտիվների»
Տոնական սերունդների բախումը ևս ակտուալ է։ Ավագ սերունդը ձգտում է պահպանել ավանդական ամանորյա ոճը՝ տոլմա, բլինչիկ, խորոված, իսկ երիտասարդները առաջարկում են ավելացնել ավելի ժամանակակից ուտեսներ՝ սուշի կամ փոքրիկ բուրգերներ։
Թեկուզ Spotify, բայց Թաթա
Տոնական երաժշտությունը ևս առանձին ճակատ է. ավագները պահանջում են հայկական երգեր, մինչ երիտասարդները փորձում են տեղ հասցնել նորաձև ամերիկյան մեղեդիները։
Իրական հայավարի վերջաբանը
Հայկական Ամանորը չի ավարտվում կեսգիշերին։ Սեղանները նորից լցվում են ուտեստներով հունվարի առաջին օրերին։ Իսկ ամսի 3-ից հետո բացականչում են՝ «Կե ր, թե չէ կփչանա»: Իսկ ընտանիքի անդամները շուտով սոցցանցերում սկսում են գրել՝ «Ի՞նչ անել այս խոզի միսը»….
Թող ՁեԱմանորը լինի նույնքան լիարժեք, որքան հայկական խառնաշփոթը՝ լի սիրով, երջանկությամբ ու ուրախությամբ։
FB-Իսկ Ձեզ մոտ ինչպե՞ս է անցնում ամանորյա խառնաշփոթը։
Комментарии