Օվկիանոսի աղտոտվածությունը՝ որպես գլոբալ մարտահրավեր
Օվկիանոսի աղտոտվածությունը 21-րդ դարի էկոլոգիական ամենամեծ մարտահրավերներից մեկն է, որը վտանգում է ծովային կենսաբազմազանությունը, մարդկանց առողջությունն ու էկոնոմիկան։
Օվկիանոսների աղտոտվածության հիմնական պատճառը մարդկային գործունեությունն է, ինչու՞.
1. Պլաստիկ թափոններ
Ամեն տարի շուրջ 8-10 միլիոն տոննա պլաստիկ թափոն է լցվում օվկիանոսներ, որը կազմում է համաշխարհային պլաստիկ թափոնների շուրջ 11%-ը։ Ենթադրվում է՝ այս տեմպերով 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում կարող է լինել ավելի շատ պլաստիկ, քան ձուկ։
2. Քիմիական նյութեր
Գյուղատնտեսական ոլորտից արտահոսող թունաքիմիկատներն ու ֆոսֆատները առաջացնում են «էվտրոֆիկացիա՝ ստեղծելով մեռյալ գոտիներ, որտեղ թթվածինը նվազում է, ինչի արդյունքում էլ կենդանական աշխարհը ոչնչանում է։
Գյուղատնտեսական և արդյունաբերական թափոններից առաջացած քիմիական աղտոտումը ստեղծել է ավելի քան 500 «մեռյալ գոտիներ» աշխարհում, որոնք զբաղեցնում են ընդհանուր առմամբ մոտ 245,000 քառ. կմ տարածք։
3. Նավթի արտահոսք
Ամեն տարի օվկիանոս է թափվում մոտ 1.3 միլիոն տոննա նավթ, ինչը խիստ վնաս է հասցնում կոռալային խութերին, ձկներին և ծովային թռչուններին։ Ամենամեծ արտահոսքը եղել է Deepwater Horizon-ի աղետը, ինչի արդյունքում օվկիանոս էր լցվել ավելի քան 4.9 միլիոն բարել նավթ։
4. Կենցաղային և արդյունաբերական թափոններ
Շուրջ 80% օվկիանոսային աղտոտումը գալիս է ցամաքից՝ արդյունաբերական թափոնների և կոյուղաջրերի անպատասխանատու կառավարման հետևանքով։
Աղտոտման հետևանքները
1. Առաջնային հետևանքը կենսաբազմազանության կորուստն է. Աղտոտված օվկիանոսները վտանգում են ծովային տեսակների վերապրումն ու վերարտադրումը։ Կետերը, դելֆինները և թռչունները հաճախ մահանում են՝ սնվելու ընթացքում պլաստիկ կամ նավթ կուլ տալու պատճառով։ Աղտոտումը վտանգում է օվկիանոսների մոտ 700 ծովային տեսակների, որոնցից շատերն արդեն գտնվում են անհետացման եզրին։ Մասնավորապես՝ ամեն տարի մոտ 100 000 ծովային կենդանի է մահանում պլաստիկ թափոններից։
2. Ազդեցությունը մարդկային առողջության վրա. միկրոպլաստիկները մտնում են սննդի շղթա՝ ազդելով մարդկանց առողջության վրա։ Աղտոտված ջրերից ստացվող սննդամթերքը, օրինակ՝ ձուկը, հապգեցնում է առողջական խնդիրների՝ ինչպիսիք են ծանր թունավորումները։ Եվ, բացի թունավորումները, համաշխարհային առողջապահական կազմակերպության (WHO) տվյալներով՝ մարդկանց մոտ 93%-ի օրգանիզմում հայտնաբերվում են միկրոպլաստիկի մասնիկներ։
3. Էկոնոմիկայի վնասներ. Ծովային աղտոտումը զբոսաշրջությանը տարեկան պատճառում է շուրջ $13 միլիարդ դոլար վնաս։
Լուծման ուղիները
•Պլաստիկի կրճատում և վերամշակում
Անհրաժեշտ է ներդնել պլաստիկի օգտագործման խիստ սահմանափակումներ, խթանել վերամշակման ծրագրերը և վերափոխել ապրանքների փաթեթավորման մեթոդները։ Այս պահին աշխարհի պլաստիկ թափոնների միայն 9%-ն է վերամշակվում։ Այս թիվը կարող է աճել խիստ օրենքների և խթանող ծրագրերի ներդրման միջոցով։
•Աղբի կառավարման բարելավում
Աղբի հավաքման, տեսակավորման և վերամշակման մեխանիզմների ներդրումը կարող է զգալիորեն նվազեցնել կենցաղային թափոնների քանակը։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ կենցաղային և արդյունաբերական աղբի պատշաճ կառավարումը կարող է նվազեցնել օվկիանոսային աղտոտումը 40%-ով։
•Միջազգային համագործակցություն
2022 թվականին 175 պետություններ համաձայնվեցին աշխատել «Պլաստիկ աղտոտման գլոբալ պայմանագրի» վրա, որի նպատակն է մինչև 2040 թվականը նվազեցնել պլաստիկի արտադրությունն ու օգտագործումը։
•Հանրային կրթություն
Մարդկանց պետք է տեղեկացնել իրենց վարքագծի ազդեցության մասին և ներգրավել բնապահպանական նախաձեռնություններում։ Համաշխարհային տվյալներով էկոլոգիական կրթական ծրագրերը կարող են ավելացնել հասարակության մասնակցությունը մաքրման նախաձեռնություններում մոտ 30%-ով։
Օվկիանոսի աղտոտման կանխարգելումը պահանջում է համատեղ և անհապաղ գործողություններ։ Եթե չգործենք, ապա մինչև 2050 թվականը կարող ենք բախվել էկոլոգիական աղետի։ Սա միայն բնապահպանական հարց չէ. այն կապված է մարդկանց ապագայի հետ։ Մեր գործողությունները՝ տեղական, ազգային և գլոբալ մակարդակներում, պետք է ուղղված լինեն օվկիանոսների մաքրությանը և կայունության վերականգնմանը։ Յուրաքանչյուրի փոքր քայլը՝ պլաստիկի օգտագործման նվազեցումը, վերամշակումը կամ հասարակական նախաձեռնություններին մասնակցելը, կարող է էական փոփոխություն առաջացնել։
Ի վերջո, համաշխարհային օվկիանոսն այնն է, ինչը պահում է կյանքը Երկրի վրա։
Комментарии