Ո՞վ եմ ես. փազլի մի մասնիկ....

Արդյո՞ք ես այն եմ, ով երեկ էի, թե՞ այսօր եմ նորից ձևավորվում

 


  Մեզնից յուրաքանչյուրն էլ գտնվում է կյանքի հորձանուտ ալիքներում. ապրում է ու ժպտում, սխալվում, թևավորվում և կորցնում….Եվ ,այո՛, պետք է ապրել, ապրել ամեն պահը՝ ուրախ ու սարսափելի վայրկյաններով։ Կյանքի հորձանուտը քեզ տանելու է, իսկ ժամանակը բերելու է անկանխատեսելին, երբեմն՝ անխուսափելին։ Մտածու՞մ ես փախչել, իսկ ինչու՞…Պետք է ապրել, մոռացե՞լ ես…

  Ապրել ինքդ քեզ ճանաչելով, պետք է իմանաս՝ ով ես դու…


  Ամեն նոր փորձառություն, ամեն նոր հանդիպում ստիպում է վերանայել  քո ինքնությունը։ Այն ինքնությունը, որը մասնիկն է Կապույտ մոլորակի, այս աշխարհի, հասարակության, հայի ու ընտանիքի։


 Ներքին որոնումները, ինքնաբացահայտումը և ինքնաճանաչման դժվարին գործընթացը քեզ կերտում են, կերտում ու դարձնում են կապող օղակ աշխարհի ու մարդկության միջև։ Եվ դու՝ որպես փազլի մի մասնիկ, պետք է լրացնես բացերը ու դարձնես մեկ ամբողջություն։



Ո՞վ ես դու։ Դու մի մասնիկն ես հասարակության



 


Հասարակության անդամ լինելը պատասխանատվություն է և հնարավորություն, հնարավորություն նախ քեզ՝ որպես հասարակության անդամ բացահայտելու, հետո էլ՝ բացահայտելու հասարակությունը քեզ համար։ Սա անվերջ պտտվող շղթա է, որի ռեակցիան միայն պետք է դրականը լինի առ հասարակություն. գիտես՝ ինչու՞, քանի որ անկախ քեզնից դու այս հասարակության մասնիկն ես, դու պետք ես հասարակությանը՝ ավելին կերտելու, ստեղծելու և ավելին սահմանելու համար։





Ո՞վ ես դու։ Դու մի մասնիկն ես քո ընտանիքի


  


Հասարակության մի մասն էլ ընտանիքն է։ Եվ այստեղ քո մասնիկը ևս կա, և քո գործողությունները, խոսքերն ու որոշումները ավելի քան կարևոր են. գիտես՝ ինչու՞, քանի որ քո ընտանիքը ավելի քան քոնն է, և քո մասնիկը պետք է հիմքը դառնա ընտանիքի՝ ստեղծելով արժեքներ։ Արժեքները, որ սերմանվում են ընտանիքում, արտացոլվում են հասարակությունում։ Եվ ,այո՛, այն անվերջ պտտվող շղթան իր պտույտը այստեղ ևս կատարում է. հավատարմությունը, կարեկցանքը, արդարությունը….այս արժեքներն են, որ մեկս մյուսին փոխանցելով ստեղծում ենք հիմնաքար։





Ո՞վ ես դու։ Դու մի մասնիկն ես հայի


  Հայի մի մասնիկ լինելով՝ ինքդ կրում ես տոկունությունն ու կամքի ուժը, մարտահրավերները, որոնց դիմակայել է հայ ժողովուրդը դարերի ընթացքում, սակայն միշտ գտնվել է վերելքի ուղու վրա՝ պահելով իր ինքնությունը։ Այս ինքնությունն է, որ պահում է մեր դիմագիծը հասարակությունում, ընտանիքում և ողջ աշխարհում։ Դու մի մասնիկն ես հայի. այնտեղ, որտեղ կհայտնվես, քեզ կճանաչեն բնավորության ուժով և հայրենի արմատների հետ կապով։ Վստահաբար քեզ կճանաչեն, միայն թե դու ճանաչես ու պահես հայի ինքնությունը. չէ՞ որ սա ևս այն արժեքն է, որը ստեղծվում է ընտանիքում, և որը արտացոլվում է հասարակությունում։ 



Եվ ի վերջո. դու մասնիկն ես ողջ աշխարհի և Կապույտ մոլորակի։ Պետք է քո մասնիկը լիարժեք լինի այն շղթայում, որը անվերջ շարունակվում է, և որը ամեն տեղ կա։ Պետք է ճանաչես ինքդ քեզ, պետք է ապրել արժանապատվությամբ… Հարկավոր է ապրել այնպես, որ Կապույտ մոլորակը լքելիս ուզենաս հավատալ դրախտի գոյությանը...

Комментарии

Популярные сообщения