Հունիսի 1. երեխաների պաշտպանության միջազգային օր
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Այս օրը մինչ օրս նշվող ամենահին տոններից մեկն է։
Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից 1949 թվականին հունիսի 1-ը նշանակվեց երեխաների պաշտպանության միջազգային օր։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։
Հունիսի 1-ը երեխաների համար ամենասպասելի և ամենաուրախ օրերից մեկն է. յուրաքանչյուր հունիսի 1 կերտում է յուրաքանչյուր երեխայի մանկության քաղցր հուշերը։ Մանկության քաղցր հուշերը ներկված են գունավոր կավիճներով, լցված են քաղցր բամբակի բույրով, պաղպաղակի համով, երգ ու պարով։ Այս օրվա ընթացքում ողջ հանրապետությունով կազմակերպվում են միջոցառումներ՝ երեխաների օրը տոն դարձնելու համար: Ամեն տարի այս օրը քաղաքը գունավորվում է փոքրիկների կողմից նկարված գեղեցիկ, գունավոր պատկերներով, լցվում է ուրախ ճիչ ու ծիծաղով:
Ճիշտ է, հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրն է, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի՝ որքան կարևոր է երեխայի պաշտպանությունը ամեն օր. պետք է հոգ տանել, պաշտպանել, մտածել և, ամենակարևորը, սիրել նրանց ամեն օր. չէ՞ որ նրանք են մեր ապագա ուսուցիչներն ու բժիշկները, հոգեբաններն ու քիմիկոսները….
Ուրեմն, շնորհավորե՜նք մեր ապագան կերտողներին՝ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ և մաղթենք ամենաբարին ու ամենահրաշալին՝ կապույտ երկինք, առողջ ժպիտներ և փայլող աչքեր….
Комментарии