Ապրելու և արժևորելու Մայիսի 9
Հայը միշտ պայքարել է՝ արյուն թափելով, հաղթանակներ տոնել՝ ազատության հռչակագրերով։
Հայ ժողովրդի պատմության էջերը շատ են, ինչպես պայքարներն ու հաղթանակները։ Ամեն օր է հայը կերտել իր պատմությունը։ Պատմության մեջ տոն դարձած փառավոր էջեր ունենք. Մայիսի 9-ը՝ Հայոց պատմության եռատոնը։
Տասնամյակներ շարունակ ողջ հայ ժողովուրդը մեծ ոգևորությամբ նշել է մայիսի 9-ի եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը։
Հայերը կերտել են Հայրենականի հաղթանակը՝ իրենց ավանդն ունենալով պատերազմի տարբեր ռազմաճակատներում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ճակատներում կռվել են Հայաստանի ավելի քան 600 հազար բնակիչներ։ Հայրենական մեծ պատերազմին հայը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով և Աղանով։ Հայ մարտիկները պարգևատրվել են մարտական շքանշաններով և մեդալներով։
Հայրենականի պայքարն ու հաղթանակը ցույց են տալիս և ապացուցում հայի անսասան կամքն առ ազատություն և ազատության տենչն առ հայրենիք ու հայրենի հող։
Արցախ աշխարհում 1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին: «Հարսանիք լեռներումը» թույլ տվեց Ղազանչեցոց եկեղեցու գմբեթինծածանել եռագույնը։ Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ ոչ միայն ղարաբաղյան պատերազմում, այլ նաև ողջ Հայոց պատմությունում, և նախանշեց հետագա հաղթանակների ուղին. Շուշին իր գիրկն առավ իր զավակներին՝ հայորդիներին։
Այսօր հայոց հողը զգում է իր զավակների բացակայությունը, հայրենի ճերմակ Շուշին գտնվում է թշնամու օկուպացիոն տարածքում…Շուշիի ազատագրումը մեծ տոնախմբությամբ նշած հայորդին այսօր պետք է հիշի և արժևորի պատմությունը՝ փառավոր անցյալով, հաղթանակներ տոնած օրերով, պետք է գիտակցի հայրենի հողից հեռու ապրելու ցավը և, ոչինչ չխնայելով, ազատագրի և ազատի թշնամուց։ Պետք է հիշել՝ մեզնից յուրաքանչյուրը անկշռելի ու անասելի կապով կապված է այս հողին. սա ուղղակի հող չէ, այս մի փոքր, բայց մեծ սրբություն է, որը պահել է պետք։
Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: Ցավով պետք է գիտակցել՝ այլևս չկան ռազմական միավորումներ Արցախ աշխարհում։ Պետք է ջանալ կորցրածը ետ բերել կազմավորվելով և միավորվելով….
Комментарии