Մայիսի 16-ը ուսանողների և երիտասարդության օր
Ասում են՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանում երկրի ապագան եղել են ուսանողներն ու երիտասարդները։ Այսօր էլ երիտասարդությունը մեծ ոգևորությամբ և ջանասիրությամբ կերտում է իր երկրի ներկան՝ հաստատուն հիմքեր կառուցելով ապագայի համար։ Պետք է գիտակցել՝ կայացած, գիտակից և պատասխանատու ուսանողն է ցանկացած պետության ապագայի երաշխավորը:
Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր: Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 2014թ-ին: Ընդգծվում է, որ տոնացույցում ուսանողների ու երիտասարդների օր ամրագրելը կխթանի ուսանողների և երիտասարդների մասնակցությունը սոցիալական, տնտեսական, բնապահպանական և քաղաքական հարցերի լուծմանը, ուսանողների ստեղծագործական կարողությունները, հսկայական ներուժը կխթանեն երկրի զարգացմանը։
Մայիսի 16-ը նաև Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է. 1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել։ Այսօր Երևանի պետական համալսարանը նշում է իր 105 ամյակը։
Սիրելի’ ուսանողներ և երիտասարդություն, թո՛ղ ուսման ձգտումը ուղեկից լինի ձեզ ոչ միայն ուսանողական տարիների, այլ նաև ողջ կյանքի ընթացքում։ Պետք է հիշել, որ գիտելիքն է միակ հարստությունը, որը երբևէ խլել չեն կարող։ Իսկ գիտելիքի ձեռքբերման լավագույն հնարավորությունը ստեղծվում է հենց ուսանողության տարիներին: Պետք է արժևորել, թանկ գնահատել ուսանողական տարիները և, առհասարակ, ուսանողությանը ու երիտասարդությանը։ Պետք է մշտապես ձգտել առաջընթացի՝ նոր նպատակներ սահմանելով և նոր բարձունքներ գրավելով։
«Կրթությունն ամենահզոր զենքն է,
որը կարող ես օգտագործել
աշխարհը փոխելու համար»։
Նելսոն Մանդելա
Комментарии