ԿՆՈՋ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ: ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ: ԳՈՐԾԱՐԱՐ ԿՆՈՋ ԿԵՐՊԱՐԸ

 

Մենք ապրում ենք հնագույն սովորույթների երկրում ու տարիներ ի վեր պահպանում ենք հնուց եկած ավանդույթները: Այդուամենայնիվ, լինելով պահպանողական ազգ, ավանդական հայրիշխանական մոտեցումները և սովորույթները ավելի շատ են իշխում, քան ազատ միտքն ու վարվեցողությունը:



Գենդերային  նորմերը մեծ ազդեցություն ունեն ցանկացած հասարակության վրա, մասնավորապես կանանց և տղամարդկանց համար «ընդունելի» դերերի մասին պատկերացումների իմաստով: Նույնիսկ մարզերում ապրող բնակչության մենտալիտետն է զգալի կերպով տարբերվում` այն ավելի սահմանափակ է, այնտեղի կանայք ավելի քիչ արտոնություններ ունեն:  Ցավոք սրտի իրենց դերն այնտեղ սկսվում ու ավարտվում է միայն տնային տնտեսություններում (ճաշ պատրաստելու, մաքրության, լվացքի, երեխաներին լողացնելու, տնամերձ այգիները և ընտանի անասուններին խնամելու և այլ տնային պարտականություններ կատարելու մեջ):

Թեև կանայք տարբեր ոլորտներում ունենում են մեծ նվաճումներ, գերակշռում է կանանց առաջին հերթին ընտանեկան միջավայրում ունեցած դերի ընկալումը, ինչը հաճախ սահմանափակում է կանանց՝ հանրային կյանքում ինքնահաստատման հնարավորությունները:

Պրակտիկան ցույց է տվել, որ կանայք ավելի արդյունավետ են գործերի կազմակերպման ու կառավարման գործում` իրենց բարձր պատասխանատվության ու նախաձեռնող կարողությունների շնորհիվ, սակայն դա բավարար չէ գենդերային բացասական կարծրատիպերը կոտրելու և ինքնադրսևորման համար, քանի դեռ իշխում է հնացած մենտալիտետի գործոնը, որը ոչ մի կերպ չի խթանի ցանկացած առաջխաղացում:

ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր օրերում կինը բախվում է մի շարք հույժ կարևոր խնդիրների, ինչպիսիք են` գենդերային խտրականությունն աշխատանքային շուկայում, կանանց և տղամարդկանց աշխատավարձերի անհամաչափությունը, տնտեսական ռեսուրսների հասանելիությունը, սոցիալական ցածր եկամուտը և այլն:

Կանանց հատուկ խմբերը, մասնավորապես երեխա ունեցող կանայք, գտնվում են ծայրահեղ աղքատության ամենաբարձր աստիճանի ռիսկի առջև: Թեև բանկային հաշիվներ ունեցող և գործարար կանանց թիվն օր օրի ավելանում է, մշակութային նորմերը դեռևս թելադրում են, որ կենցաղային ու ֆինանսական որոշումները կայացնի արական սեռը:

Միջին հաշվով կանայք ունեն կրթական ավելի բարձր ցենզ, քան տղամարդիկ, սակայն նրանց՝ աշխատաշուկայում ներգրավման ցուցանիշն ավելի ցածր է, մասամբ երեխայի խնամքի և տնային տնտեսությունը վարելու պարտականությունների պատճառով: Կանանց մեծ մասն էլ  դադարում են աշխատել հենց ընտանեկան հանգամանքների պատճառով:

Նույնիսկ բարձրագույն կրթություն ստացած շատ երիտասարդ կանանց մեջ փոքր է այն կանանց թիվը, ովքեր կրթությունը ստանալուց հետո անցնում են աշխատանքի, քանի որ կա՛մ նրանց որակավորումը չի համապատասխանում շուկայի պահանջներին, կա՛մ նրանք ամուսնանում են և ստանձնում տնային տնտեսուհու դերը:

ԳՈՐԾԱՐԱՐ  ԿԻՆԸ  ՈԻ  ՆՐԱՆ  ՇՐՋԱՊԱՏՈՂ  ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սկսնակ բիզնեսի ոլորտում կանայք փոքր թիվ են կազմում: Գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս կանանց ընդլայնել իրենց բիզնեսը, հատկապես՝ բիզնեսի մասին սահմանափակ գիտելիքները և հմտությունները` մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է մարքեթինգային հմտություններին, վստահության պակասը, գործարար կապերի մեջ ներգրավված չլինելը, ինչպես նաև ընտանեկան պարտականությունները, երեխաների խնամքը, կենցաղային հոգսերը և շատ այլ գործոններ:



Դրան զուգահեռ կրկին առաջ է գալիս “հասարակության կարծիք” հասկացությունը, որը միշտ, չգիտես ինչու բացասական է լինում: Բիզնես բանակցությունները շատ դեպքերում վարում են բիզնես ընթրիքի շուրջ, սակայն Հայաստանի որոշ մարզերում, և ոչ միայն մարզերում, մշակութային իմաստով անընդունելի է, որ գործարար կանայք հրապարակավ հանդիպեն իրենց տղամարդ գործընկերներին առանց որևէ արական սեռի բարեկամի ներկայության: Նման սոցիալական խոչընդոտները կարող են սահմանափակել գործարար կանանց շփումները միայն նրանց ծանոթների շրջանակներով: Սակայն կան ընտանիքներ, որտեղ գործարար կանայք արժանանում է աջակցության, հատկապես, երբ նրանց շնորհիվ ավելանում է տնային տնտեսության եկամուտը:

Շատ միջազգային և հասարակական կազմակերպություններ իրականացնում են կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագրեր և բիզնես դասընթացներ`որոնց նպատակն է կրթել, իրազեկել ու նախապատրաստել նրանց մի շարք խնդիրների լուծմանը, որոնց կինը կբախվի առօրյայում:

Պետք է ընդգծել, որ կանանց ձեռներեցության խթանման ուղղված ծրագրերն ավելի շատ են ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Մի շարք միջազգային ծրագրեր ավելի շատ են ուշադրություն դարձնում կանանց հզորացման ու նրանց զբաղվածության զարգացմանը` առավելապես սեփական բիզնեսի նախաձեռնման նպատակով: Պետք է նշել, որ բիզնեսի աջակցման ծրագրերում կազմակերպությունները ուշադրություն են դարձնում, որ կանանց ու տղամարդկանց մասնակցությունը լինի համաչափ, որպեսզի շուկայում պահպանվի հավասարակշռությունը:

Այսօր հասարակությունն ի՞նչ է ակնկալում  ու պահանջում կին գործարարից:
Կնոջ հանդեպ վերաբերմունքը շատ տարբեր է ու հակասական:

Հասարակությունն ավանդաբար սովոր է եղել բիզնեսում ավելի շատ տեսնել տղամարդկանց, և գործարար տղամարդկանց իմիջը կապվել է ուժի, կայունության ու վստահելիության հետ: Ունենալով նման փորձառություն, բիզնեսում կանանց ներկայությունն առաջին հայացքից բախվում է այդ կարծրատիպի հետ, որը հետագայում անհայտանում է, երբ գործը հասնում է լավագույն արդյունքների ապահովմանը: Հասարակությունը կին գործարարից պահանջում է նրա ուժի ու կայացվածության հաստատում ու ակնկալում է տեսնելու միայն մեծ հաջողություններ, և ավելի դժվար է “ներում” նրա սխալներն ու անկնումները: Կին գործարարն ունի ավելի խստապահանջ լսարան, որն ավելի անհանդուրժող է նրա թուլությունների հանդեպ, ինչն էլ կին գործարարին ստիպում է դառնալու “անթերի” իր գործում: Կարծում եմ, հենց սա է այն պատճառներից մեկը, որ եթե կինը հանձն է առնում զբաղվել բիզնեսով, ապա ցուցադրում է նախանձելի ցուցանիշներ ու աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: Հաջողակ կին գործարարներն օրինակելի լիդերներ են սկսնակների համար, դրա համար մենք շատ ենք կարևորում հաջողված պատմությունների միջոցով մոտիվացիան, որ մեր միջավայրում շատանան կին ձեռներեցները:

Ճի՞շտ է, որ բիզնես- կանայք առավել ստեղծարար են մոտենում ցանկացած գործի ու ջանքերը դեպի նոր, հետաքրքիր կոնցեպտին են ուղղում, քան պարզապես գումար վաստակելն է:
Կանայք շատ զգայուն են ու կյանքում շատ բաներ ընկալում են զգայական մակարդակում: Բացի այդ նրանք մեծ նվիրվածությամբ են մոտենում գործին, ավելի ստեղծագործ ու նորարար են,  շատ բազմազբաղ են ու բազմաֆունկցիոնալ: Կանանց զբաղվածության լայն շրջանակը սկսվում է ընտանիքի կառավարումից, երեխաների դաստիարակությունից, կենցաղային գործերի կազմակերպման աշխատանքներով ու եզրափակվում նրանով, որ նա պետք է զարգանա ու կատարելագործվի որպես կին, մայր ու գործարար: Այս ամենը կնոջը դարձնում է շատ ճկուն, իսկ ճկուն մտքով նրանք հեշտությամբ են ստղծում նոր ու ստեղծագործ գաղափարներ:



Դասական բիզնեսում առաջնայինը շահույթի ստացումն է, սակայն կանայք շատ զգայական են ու ավելի շատ կենտրոնանում են արժեքների վրա ու ոչ թե նյութականի, ինչն էլ նրանց տանում է կամ նորարար ձեռներեցության կամ իրենց նախաձեռությունը մնում է հոբիի մակարդակում, քանի որ բացակայում է բիզնես կոմպոնենտը:

-Որո՞նք են այն հիմնական խնդիրները, որ պատում են գործարար կնոջը:
Գործարար կինը նախևառաջ կին է, ով նաև հոգ է տանում ընտանիքի ու երեխաների մասին ու այս դեպքում կառավարում է միանգամից երկու «կառույց»`ընտանիք ու սեփական բիզնես: Այս դեպքում կանայք ունեն ժամանակի գերածախս ու անկախության որոշակի սահմանափակում` ընտանեկան պարտադիր պարտականությունների պաճառով: Շատ դեպքերում ընտանեկան հոգսերը կանանց բիզնես գաղափարները երկրորդ պլան են մղում  ու նրանք ստիպված հետաձգում են իրենց երազանքի իրականացումն` ավելի հարմար ժամանակում այն իրականացնելու մտադրությամբ:

Մյուս դեպքում կանայք հաճախ բախվում են իրենց հանդեպ միջավայրի թերահավատության առկայության ու իրենց շրջապատող մարդկանց կողմից աջակցության բացակայության հետ, քանի որ հայ ընտանիքներում լիդեր դուստրեր ավելի քիչ են մեծացնում, քան լիդեր որդիների:

Ժամանակները փոխվել են, և պետք է կոտրել խոչնդոտ հանդիսացող կարծրատիպերը:

Մեր օրերի կանայք կարող են իրագործել ցանկացած նախաձեռնություն ու հասնել հաջողության իրենց պատասխանատվության ու հավասարակաշռվածության շնորհիվ:

Նրանք շատ ավելի մեծ արդյունքների կարող են հասնել, եթե միմյանց աջակցեն ու փոխհամագործակցեն: Յուրաքանչյուր կնոջ հաջողությունը պետք է ոգեշնչման աղբյուր դառնա մյուսի համար:

Комментарии

Популярные сообщения