Ինտերնետային կախվածութան մասին/ՄԱՍ2

Վերջին քսան տարիների ընթացքում համակարգչային տեխնոլոգիաները դուրս են եկել նեղ մասնագիտական, գիտատեխնիկական միջավայրից և դարձել են մեր առօրյա կյանքի անբաժան մասը` դառնալով յուրօրինակ «կամուրջ» ներկայի գիտական ձեռքբերումների և ապագայի մտքերի միջև: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները փոխել են ժամանակակից մարդու գիտելիքների միջավայրը ինչպես իր ծավալով այնպես էլ բովանդակությամբ:

Դեռահասները անհատականության ձևավորման փուլում ապրելով ֆիզիոլոգիական և հոգեկան զարգացման դժվարին ժամանակաշրջան, հանդիպում են բազմաթիվ խնդիրների՝ կապված հարմարվողականության և ինքնորոշման հետ, այս ամենից ելնելով դեռահասներն իրենց առօրյա խնդիրների լուծումը տեսնում են վիրտուալ աշխարհում:
Մեր ժամանակներում երեխաների շրջանում համակարգչային կախվածությանը վերաբերող հարցերը դառնում են էլ ավելի արդիական, քանի որ ավելացել է այն թվային սարքերի քանակը՝ համակարգիչներ, պլանշետներ, սմարտֆոններ և այլն, որոնք նպաստում են երեխաների մոտ համակարգչային և ինտերնետային կախվածության առաջացմանը:
Տարիքային առանձնահատկություններից բացի դեռահասների շրջանում համակարգչային կախվածության առաջացմանը նպաստում են նաև տնային համակարգիչների լայն տարածումը, թվային սարքերի բազմազանությունը, ինտերնետին հեշտ միանալու հնարավորությունն ինչպես նաև ինտերնետ ակումբների տարածվածությունը:
Համակարգչային կախվածությունը պակաս լուրջ հիվանդություն չէ, քան ավելի հայտնի հակումները; Այստեղ գործում են նմանատիպ մեխանիզմներ:
Համակարգչային կախվածության հետ ասոցացվող շատ վարքագծեր կապվում են մի շարք նորագույն թվային սարքերի հետ, ինչպիսիք են` «PDA»-ները, «iPhone»-ները, «MP3 player»-ները, ինտերնետային խաղերի շարժական սարքերն ու «smart phone»ները և այլն:
Թվային տեխնոլոգիաների բացասական ազդեցությունն առավել ցայտուն է ընդգծվում երեխաների սոցիալական որակների՝ ընկերասիրության, անկեղծության, գթասրտության և այլնի վրա: Համակարգչային կախվածություն ունեցող երեխան կարող է մեկուսանալ շրջապատող աշխարհից՝ ցուցաբերելով ագրեսիվություն և հակասոցիալական վարքագիծ:
Դեռահասներն ավելի զգայուն են իրենց մարմնի և արտաքինի յուրահատկությունների նկատմամբ: Այսինքն՝ արտաքինը կարևոր տարր է դեռահասների ինքնագիտակցության մեջ:
Դեռահասության տարիքում անհատը մուտք է գործում որակապես նոր սոցիալական դերակատարության մեջ, որի ժամանակ ձևավորվում է նրա գիտակցական վերաբերմունքն ինքն իր նկատմամբ, որպես հասարակության անդամի:
Հայտնի է, որ այս տարիքի կարևոր հոգեկան նորագոյացությունը համարվում է ինքնագիտակցության կազմավորումը: Կարևոր առանձնահատկություն, որը բնութագրում է դեռահասի ինքնագիտակցությունը, համարվում է մեծահասակ լինելու զգացումը:
Համացանցային կախվածությունը նպաստում է հոգեբանական մի շարք խնդիրների ձևավորմանը: Նրանց մոտ առաջանում է կոնֆլիկտային վարքագիծ, հարատև դեպրեսիա, հասարակության անդամների հետ հարմարվելու դժվարությունը: Համացանցից օգտվելիս դեռահասը նախընտրում է «փնտրել», այլ ոչ թե «մտածել» կամ «սովորել»: Շատ երեխաներ բացահայտորեն խոստովանում են, որ շատ հաճախ օգտվում են ծնողների կողմից արգելված կայքերից: Միևնույն ժամանակ նրանց մոտ առաջանում է ամենաթողության և անպատժելիության պատրանք: Վերջինս դրդում է խախտել մարդու իրավունքները, իսկ անպատժելիության պատրանքը կարող է հանդես գալ որպես  ծուղակ և լուրջ հետևանքներ ունենալ իրական կյանքում: Կարող է տեղի ունենալ բարոյականության արժեզրկում:
Դեռահասության շրջանում համացանցային կախվածությունը հանգեցնում է իրական կյանքում հաղորդակցման հետ կապված դժվարությունների առաջացմանը: Դրանք դրսևորվում են հաղորդակցման հուզական բաղադրիչի խանգարման, զրուցակցի հուզական վիճակի ընկալման և հաղորդակցման ոչ վերբալ կողմերի ընդունակության նվազեցման ձևով:
Համացանցի միջոցով իրականացվող հաղորդակցական գործունեությունը բազմազան է: Կարևոր նշանակություն ունեն նորույթի և փորձի արտասովոր լինելու գործոնները: նորույթը բնականաբար գրավում է դեռահասին: Եվ նոր երևույթի մեջ խորացումը կարող է առաջացնել համացանցից կախվածություն: Նմանատիպ հաղորդակցությունն ընդունակ է ամբողջովին կլանել սուբյեկտին, չթողնելով նրան ժամանակ և ուժ այլ գործունեությամբ զբաղվելու համար:
Այս բնագավառում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները խոսում են այն մասին, որ համացանցից օգտվողների հիմնական խնդիրները կենտրոնանում են ինքնորոշման ոլորտի վրա: Ինչպես հայտնի է, դեռահասներն ունեն ինքնարտահայտման, սերտ կապեր հաստատելու, ինչպես նաև սեփական ֆիզիկական «Ես»-ի ընդունման հետ կապված խնդիրներ:
որոշ դեռահասների համար համացանցի նկատմամբ չափազանց հակվածությունը կապված է նաև համակարգչային ծրագրերի աշխատանքների ցանկացած փուլը վերահսկելու պատրաստակամության հետ: Այդ վերահսկողության նկատմամբ հակվածությունը նրանք կարող են տեղափոխել մարդկային հարաբերությունների ոլորտ: Եվ քանի որ մարդկանց հետ շփումների փորձերն ավարտվում են անհաջողությամբ, երևույթը կարող է դեռահասին մղել սոցիալական մեկուսացման և տարրանջատվածության:
                                 By Mariam Sargsyan




Популярные сообщения