Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր
1889
թվականին Փարիզում 2-րդ ինտերնացիոնալի կոնգրեսը որոշեց. ժամանակն է, որ
միջազգային պրոլետարիատը միավորվի եւ պայքարի իր իրավունքների համար, նախ եւ առաջ
ութժամյա աշխատանքային օրվա: Կոնգրեսում որոշում ընդունվեց, որ մեկ միասնական օր
կնշանակվի, երբ աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում, բանվոր դասակարգը
իշխանություններին կներկայացնի իր պահանջները:
Իսկ
մինչ այդ 1886 թվականի մայիսի մեկին բանվորական հուզումներ եղան ԱՄՆ-ի խոշոր
արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում: Բանվորների բողոքի ակցիաների,
զանգվածային ցույցերի ընթացքում տեղի ունեցան բախումներ ոստիկանության հետ: Այդ
իրադարձությունների արդյունքում շատերը ձերբակալվեցին, դատապարտվեցին երկարատեւ
բանտարկության, իսկ կազմակերպիչները մահվան դատապարտվեցին:
Փարիզյան
կոնգրեսից հետո մայիսի 1-ն առաջին անգամ նշվեց 1890 թվականին մի քանի երկրներում: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրը այլ օր է նշվում: 20-րդ
դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան:
Երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Մինչ տոնը ՍՄԿԿ կենտկոմը ժողովրդին
էր դիմում մի քանի տասնյակ լոզունգներով. դրանք որոշակի առաջադրանք էին բանվոր
դասակարգին, գյուղացիությանն ու ծառայողներին: Լոզունգները նախ տպագրվում էին
բոլոր թերթերում, իսկ Մայիսմեկյան շքերթի ժամանակ դրանք հնչում էին Վ.Ի.Լենինի
անվան հրապարակում:
Այդ օրը շենքերի ճակատներին փողոփողում էին ալ կարմիր
դրոշները: Կարմիր պաստառների վրա գրված էին ՍՄԿԿ կենտկոմի մայիսմեկյան ոգեշունչ
կոչերը: Ահա, հենց այդ տոնական պաստառների ներքո էլ, առավոտյան ամեն տարի՝ մայիսի
մեկին, հրապարակ էին մտնում պիոներ-դպրոցականների զվարթ խմբերը փողային նվագախմբի
խրոխտ հնչյունների ներքո, ովքեր օդ էին բարձրացնում բազմաթիվ ճերմակաթև աղավնիներ:
Հավաքվածները բուռն ծափերով դիմավորում էին կոմունիստական կուսակցության
ղեկավարներին, ովքեր ողջունում էին իրենց քաղաքացիներին, պրոլետարներին: Շքերթին
ներկա էին լինում աշխատանքային տարբեր բնագավառի ներկայցուցիրչներ: Տոնին
հաջորդում էին այսպես կոչված մայովկաները, երբ մայիսի 2-ին կամ 3-ին, բոլորն
ընտանիքով գնում էին զբոսախնջույքների:
Մայիսի 1-ը աշխատավոր մարդու մեծարելու
մի առիթ էր, երբ մարդիկ հավաքվում էին
միասնական հույզերով և զգացումներով:
Մարիանա Սարգսյան
Մարիանա Սարգսյան