Պատասխանատվության մասին

Պատասխանատվությունը անձի ընդհանրական հոգեբանական հատկանիշ է, անձի բնավորության գիծ, ինչպես, ասենք, քաջությունը, համարձակությունը, հաստատակամությունը, հպարտությունը և այլն: Ի դեպ, այն դրսևորվում է ոչ միայն բնավորության, այլև վարքի տարբեր ձևերում, ընկալումներում, զգացմունքներում, գիտակցության մեջ, աշխարհայացքում և դիրքորոշումներում:

Պատասխանատու մարդուն բնորոշ են ճշտապահությունը, հավատարմությունը, պատրաստակամությունը, պատասխանատվության զգացումը, ինչպես նաև սկզբունքայնությունը, ազնվությունը, արդարամտությունը: Բայց նշված անձնային որակները կարող են հաջողությամբ իրականացվել, եթե մարդու մեջ զարգացած են այնպիսի հուզական գծեր, ինչպիսիք են ապրումակցելու կարողությունը, ուրիշի ցավի և ուրախության նկատմամբ զգայունությունը, նրբանկատությունը: Տեղին է նկատել, որ պարտականությունների կատարումը պահանջում է որոշակի կամային որակներ և ջանք՝ համառություն, կայունություն, տոկունություն, ջանասիրություն և, իհարկե, համբերություն:
Ինչպես արդեն նշեցինք, պատասխանատվությունն անձի կարևորագույն բնութագրերից է որով սոցիալապես հասուն անձը տարբերվում է մյուսներից:
Պատասխանատվությունը սուբյեկտի գործունեության նկատմամբ տարբեր ձևերով իրականացվող վերահսկողությունն է՝ իր ընդունած նորմերի և կանոնների համաձայն: Գոյություն ունեն վերահսկողության տարբեր ձևեր, որոնք ապահովում են սուբյեկտի պատասխանատվությունը, իր գործունեության արդյունքների համար հաշվետու լինելը և ինքնակարգավորման ձևերը, պարտքի և պատասխանատվության զգացումը: Անձի պատասխանատվությունը պահանջում է գիտակցաբար հետևել այն բարոյական սկզբունքներին և իրավական նորմերին որոնք հասարակական անհրաժեշտություն են: Իսկ որպես անձնային գիծ՝ պատասխանատվությունը ձևավորվում է համատեղ գործունեության ընթացքում` սոցիալական արժեքների, նորմերի և կանոնների ներքնայնացման (ինտերիորիզացիա) շնորհիվ1: Այն ունի դերային տարբեր գործառույթներ՝ ընտանեկան, ծառայողական, քաղաքացիական և սոցիալական (պատասխանատվություն ինչ-որ մեկի համար, ինչ-որ մեկի առաջ, ինչ-որ բանի համար): Ուրեմն` պատասխանատվությունն ունի սոցիալական, հասարակական էություն և ցույց է տալիս հասարակական հարաբերությունների մեջ անձի ընդգրկվածության աստիճանը:
Սոցիալ-հոգեբանական տեսակետից հասուն կարելի է համարել նրանց, ովքեր արդեն նշանակալի չափով լուծել են զարգացման տարիքային խնդիրները, գիտակցում են իրենց պատասխանատվությունն ու սոցիալական պարտքը, ընդգրկված են ընկերային հարաբերություններում:
 Հոգեսոցիալական հասունությունը ներառում է դպրոցական և մասնագիտական հասունությունը, երբ առաջանում են պատասխանատվության գիտակցում և իրավախախտման համար պատասխան տալու կարողություն: Այսինքն՝ լինել հասուն նշանակում է գիտակցել սեփական արարքի անարդարացիությունը և գործել դրան համապատասխան:
 1788 թվականին ԱՄՆ-ի սահմանադրության  մեջ ավելացվեց մի կետ, համաձայն որի, նախագահ դառնալու իրավունք ունեին միայն  35 տարեկանը լրացած անձինք: Հոգեբանական, ինչպես նաև ֆիզիոլոգիական տեսակետից նման մոտեցումն ավելի քան արդարացված է: Այս բանը հասկացել են հին հույները սրանից դեռ երեք հազար տարի առաջ, երբ կարևոր պետական պաշտոնների նշանակել են հասուն տարիքի մարդկանց:  Հելլադայում, օրինակ, դեսպաններ էին նշանակում 50 տարեկանից ոչ երիտասարդների: Հետևելով նրանց օրինակին, ամերիկացիներն առանցքային երկրներ դեսպաններ են ուղարկել հասակն առած դիվանագետների: Խնդիրը նրանում է,  որ վաղ հասունության շրջանի ճգնաժամը,  որը բեկումնային է անձի կայացման համար, ավարտվում է հենց 35 տարեկանից սկսած: Ուսումնասիրելով ճգնաժամի ընթացքի առանձնահատկություններն այնպիսի հռչակավոր մարդկանց մոտ,  ինչպիսիք են Սալվադոր Դալին, Չարլի Չապլինը, Հանս Քրիստիան Անդերսենը,  Պարույր Սևակը՝ հոգեբանները բացահայտել են, որ մինչ 30 տարեկանն ընկած ժամանակահատվածը նրանցից շատերի համար եղել է ինքնաորոնման, իսկ հետո` ինքնաբացահայտման շրջան:
 Ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա որևէ խնդիր է բախվում: Կյանքի ցանկացած խնդիրների նկատմամբ մարդու վերաբերմունքը կարելի է պայմանականորեն երկու տեսակի բաժանել: Առաջին մոտեցումը մեղադրանքն է: Խնդրին բախվելով մարդ մեղադրում է արտաքին գործոնները, այլ մարդկանց, ճակատագիրը, ինքն իրեն: Այս տեսակի մեղադրանքը որոշ չափով ագրեսիայի դրսևորում է, իսկ ագրեսիան չի կարող որևէ կերպով նպաստել իրավիճակի դրական լուծմանը և բերում է անձի աստիճանական վատթարացմանը, դրական հատկանիշների՝ հատկությունների կորուստ,
Մասնագիտական ոլորտի սթրեսը բերում է հուզական սպառման համախտանիշի, որը ևս հաճախակի արտահայտվում է մեղադրանքի տեսքով: Մեղադրանքի տեսքով ագրեսիայի դրսևորումը ապարդյուն է սթրեսի կառավարման տեսակետից: Տարբեր կրոններում ձևավորված «Մի՛ դատիր» պատվիրանը ակտուալ է այս տեսակի խնդիրների լուծման համար և դրական է ազդում անձնային արդյունավետության վրա:
Մի թյուրըմբռնում գոյություն ունի, ըստ որի ինքնամեղադրանքը դրական արդյունքի է բերում, և մարդն առաջին հերթին պիտի մեղքը փնթրի իր մեջ: Այնուամենայնիվ, ցանկացած մեղադրանք, անկախ նրանից, թե ում է այն ուղղված, հանգեցնելու է անձի դեգրադացիայի: Ինքնամեղադրանքն, իր հերթին, հանգեցնում է ինքնագնահատականի անկմանը, որն իր հերթին բացասական հետևանքների է բերում:

Ի տարբերություն մեղադրանքի, սթրեսադիմացկունությանն ու կայունությանը նպաստում է պատասխանատվության ստանձնումը: Այն էապես տարբերվում է ինքնամեղադրանքից, քանի որ պատասխանատվությունը միշտ կիսվում է կողմերի միջև: Պատասխանատվության ստանձնումը նշանակում է գիտակցել սեփական անձի ազդեցությունը իրավիճակի վրա: Ազդեցությունը կարող է կախված լինել տարատեսակ գործոններից՝ մարդու սեռից, տարիքից, տեսքից և այլն: Երբ մարդ գիտակցում է այդ գործոնների ամբողջության ազդեցությունն իրավիճակի վրա և ստանձնում է պատասխանատվությունը դրա համար, նա նաև կարողանում է որոշակի ձևով կառավարել այն:
by Mariam Sargsyan

Популярные сообщения