Շնորհավոր Սուրբ Զատիկ
Հարգելի՛ ընթերցողներ,
Հուսով
եմ արդեն տեղեկացված եք, որ այս տարի Հայ առաքելական
եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը՝ Սուրբ Զատիկը նշելու է Ապրիլի 1-ին:
Անխոս այս տոնը սիրելի է թե մեծերի և մասնավորապես՝
երեխաների կողմից, ովքեր մեծ խանդավառությամբ են մասնակցում տոնին՝ նույնիսկ չհասկանալով տոնի խորհրդանիշը:
Փոքրիկ անոնսի կերպով ինֆորմացնենք Զատիկի մասին:
Հիսուս
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում,
բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
5 տաղավար տոներից մեկն է:
Հիսուս
Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո`երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին
խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան,
յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝
անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի
մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին
երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն
առավ»: (Ղուկ. 24:5-6):
Հարության
լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց:
Քրիստոսի
Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
Ս.
Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս.
պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում
կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական ս. պատարագ:
Սուրբ
Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են
-
«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով,
պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի
տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության եւ նոր կյանքի
խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց
մարդկության փրկության համար:
Ըստ ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում,
որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման
է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը
խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով`
հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև
Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը
ծագում է «հիսունք» բառից:
Հինանց
շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության
մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը
նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց
շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման,
առաքյալների վրա իջավ Աստծո Սուրբ Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին
ամբողջ աշխարհով:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ
Զատիկը
շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական
եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի
օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։
Զատկին
նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում
են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի
հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած
յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։
Զատիկը
տոնվում է ներկված հավկիթներով, և շատ արևելյան ուղղափառ քրիստոնեության հետևորդների
մոտ՝ պասկայով։ Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր։
Զատկի
տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաեւ բրնձով, չամիչով ու չրերով փլավը,
ձուկը, գինին ու կանաչեղենը: Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան,
որը խորհրդանշում է արեւը:
Ձուն
զատկական տոնում գրավում է ամենակարևոր տեղը, քանի որ անմիջականորեն առնչվում
է տոնի ծիսական գաղափարախոսության հետ: Ձուն հայոց ավանդական կենցաղում
համարվել է գարնան և պտղաբերության, ինչպես նաև հարության խորհրդանիշը, քանզի
իր մեջ պարունակում էր վերածննդի գաղափարը: Որպես նոր կյանքի խորհրդանիշ` կապվում
է գարնան, բնության զարթոնքի հավատալիքների հետ: Իսկ ձվախաղի իմաստը հինը տապալելու
և նորին անցնելու գաղափարն ուներ:
Այս
տարի Ապրիլի 2-ին` հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը բոլոր եկեղեցիներում
կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից
և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ
by Karine Bayramyan