Ռիսկի էությունը

Եթե ռիսկ պարունակող իրադրություններում անհաջողության հավանականությունն ավելի մեծ է, ապա հարց է ծագում. ինչու՞ են մարդիկ նման իրադրություններում գործունեություն սկսում, ինչու՞ են համարձակ քայլեր ձեռնարկում: Մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ
Ռիսկ ասելով ինչ ենք հասկանում

Ո՞ր իրադրություններն են մարդկանցից համարձակություն պահանջում: Դրանք այն իրադրություններն են, որոնք վտանգ են պարունակում մարդու կյանքին կամ շահերին: Նման պայմաններում գործող անհատը չգիտի, թե ինչ հետևանքների կհանգեցնեն իր գործողությունները և հիմքեր ունի ենթադրելու, որ այդ հետևանքների մի մասը տհաճ է լինելու իր համար, պատիժ, տառապանք, հասարակության կողմից` ճնշում և քննադատություն, նույնիսկ ֆիզիկական բռնություն և սպառնալիք կյանքի համար: Կարճ ասած` վտանգավոր են և համարձակություն են պահանջում այն իրադրությունները, որոնք հղի են կորուստներով և զրկանքներով:
Այդպիսի իրադրություններում նպատակասլաց գործունեություն ձեռնարկել` նշանակում է խիզախել, ռիսկի դիմել, վտանգի ենթարկվել: Հետևաբար ռիսկի կարող է դիմել այն մարդը. ով ունի կամային այդ  բարձրագույն գծերը` համարձակություն, խիզախություն, ինքնուրույնություն, վճռականություն և տոկունություն:
Խիզախել` նշանակում է նաև անհաջողություն ակնկալել, ընդ որում այնպիսի պայմաններում, երբ անհաջողության մատնվելու հնարավորությունն ավելի մեծ է, քան հաջողության հասնելու հավանականությունը:

Անհատական համարձակություն
Եթե ռիսկ պարունակող իրադրություններում անհաջողության հավանականությունն ավելի մեծ է, ապա հարց է ծագում. ինչու՞ են մարդիկ նման իրադրություններում գործունեություն սկսում, ինչու՞ են համարձակ քայլեր ձեռնարկում: Թվում է, թե ավելի ճիշտ կլիներ հրաժարվել նման գործունեությունից: Որո՞նք են խիզախության պատճառները: Հոգեբաններն առանձնացնում են ռիսկի դիմելու առնվազն երկու պատճառ.
ա) առաջինն այն է, որ անձը հաջողության դեպքերում մեծ շահույթ է ակնկալում, մեծ օգուտ է սպասում: Շահույթի մեծությունը գերազանցում է այն կորստի մեծությունը, որ մարդը կարող էր կրել անհաջողության մատնվելիս: Օրինակ վիճակախաղի տոմս ենք գնում` իմանալով,որ եթե տանուլ տանք, ապա կկորցնենք այդ փոքրիկ գումարը միայն, իսկ հավանականություն կա շահելու մեծ գումարներ, այդ թվում նաև ավտոմեքենա: Այդ պատճառով էլ բազմաթիվ մարդիկ գիտակցելով շահելու աննշան հավանականությունը (իմանալով նաև, որ հնարավոր են մեքենայություններ և խարդախություն), վիճակախաղի տոմսեր են գնում և տանուլ տալիս: Փոքրաթիվ հաջողակների մասին լուրերը կայծակի արագությամբ տարածվում են հասարակության մեջ և մարդիկ հույս են փայփայում, որ անձնական հաջողության հասնելն անհնարին չէ: Հաջողության հասնելու մոտիվացիան գերակշռում է անհաջողություններից խուսափելու դրդապատճառներին:
Այսպիսի դեպքերում մենք գործ ունենք իրադրական ռիսկի հետ:
Մարդկանց ճնշող մեծամասնությունը հակված է խուսափել անհաջողություններից, այդ պատճառով ընտրում է միջին կամ ցածր հավակնություններ և, համապատասխանաբար` հեշտությամբ ձեռք բերվող նպատակներ և ռիսկի չի դիմում: Իսկ դա նշանակում է, որ խիստ վտանգավոր իրադրություններում ռիսկի դիմելն այնքան էլ տարածված մարդկային հատկություն չէ: Այս հատկությունը շատ կարևոր է անորոշ իրադրություններում վճիռներ կայացնելու համար: Պետք է նկատի առնել նաև, որ շատ հաճախ մարդիկ ռիսկի են դիմում արտաքին հանգամանքների ճնշման տակ, երբ այլևս այլ ելք չկա: Օրինակ, պատերազմի ժամանակ, երբ որևէ զորամաս ընկնում է շրջապատման մեջ, հրամանատարը ստիպված է լինում հրաման արձակել` ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից` իմանալով, որ կարող են զոհվել շատերը, այդ թվում նաև ինքը:
 Արդարացված և չարդարացված համարձակություն
Այսպես են անվանում ռիսկի այն տեսակը, երբ թեր ու դեմ հանգամանքները կշռադատվում են, հաշվի է առնվում նաև գործի բարոյական կողմը, անձը ելնում է բարոյական վեհ չափանիշներից: Այս ամենի հիման վրա վճիռ է կայացվում ընտրել վտանգավոր տարբերակը, քանի որ անվտանգ եղանակն անընդունելի էր : Այսպիսի դեպքերում դեր են խաղում և՛ պատահականությունները, և՛ անձի անհատական գծերը:
Չարդարացված համարձակությունն այն է, երբ իրական պայմանները, հնարավորություններն ու բարոյական կողմը հաշվի չեն առնվում: Մարդը հույսը դնում է միայն պատահականության վրա:
Անշահախնդիր համարձակություն
Մարդիկ ի վիճակի են իրենց առջև դնելու նաև այնպիսի ավելի բարձր նպատակներ, որոնք գերազանցում են իրադրության պահանջները: Այսպիսի դեպքերում ասում են, որ նրանք վերիրադրական ակտիվություն են դրսևորում: Համապատասխանաբար ռիսկի այս տեսակն անվանում են անշահախնդիր կամ վերիրադրական (ռիսկ հանուն ռիսկի): Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնագիտություններ ընտրելիս կատարվում է յուրահատուկ բնական ընտրություն նաև անձնային այդ հատկությունների ազդեցության տակ: Այդպիսի անձինք, հակված լինելով ռիսկի դիմել հանուն ռիսկի, շատ են հանդիպում օդաչուների և տիեզերագնացների, մոտոցիկլիստների, մոնտաժողների և այլ մասնագետների շրջանում, ովքեր աշխատում են մեծ բարձրությունների վրա, կյանքի համար վտանգավոր պայմաններում:
Կան մարդիկ, ովքեր միշտ ձգտում են աշխատել վտանգավոր պայմաններում: Այս հանգամանքը բացահայտվեց ռիսկոմետր կոչված սարքի օգնությամբ կատարված գիտափորձերի ժամանակ: Խնդիրն այսպիսին է, թույլատրված տարածության մեջ ընտրում են որևէ նպատակակետ և աշխատում են անսխալ խփել նրան: Բայց կամ մի շերտ, որը վտանգավոր է համարվում, այստեղ ընկնելիս խաղացողին պատժում են: Պարզվեց, որ մի քանի փորձարկվողներ ձգտում են նպատակներ ընտրել այդ շերտին մոտ, թեև թվում է, թե ոչ ոք և ոչինչ նրանց չի ստիպում այդպես վարվել: Այլ անձինք նույն իրադրության մեջ, ընդհակառակը, ձգտում են հնարավորին չափով հեռու մնալ այդ վտանգավոր զոնայից:
Փորձերի կրկնություններն ու ստուգումները ցույց տվեցին, որ իսկապես կա մարդկանց մի խումբ, որը հակված է դիմելու անշահախնդիր ռիսկի:
Ավելացնենք, որ քննարկվող երևույթները կարելի է դիտել նաև զգուշության և անզգուշության, վախկոտության և խիզախության և այլ խնդիրների համատեքստում, այնպես որ նկարագրված հետազոտությունները հանգեցնում են նոր հարցերի: Մի բան պարզ է, որ որոշ մարդկանց մեջ շատ ուժեղ է համարձակ քայլերի դիմելու պահանջմունքը, որը կարող է բազմաթիվ ձևեր ընդունել, ռազմական արկածախնդրություններ , համարձակություն պահանջող հայրենասիրական գործեր, հետախույզի, օդաչուի, տիեզերագնացի և այլ մասնագիտություններ, գողություն և հանցագործություններ ընդհանրապես, որտեղ միշտ կա բռնվելու և պատիժ կրելու վտանգ և այլն:
Այս հատկությունն, անկասկած, պետք է կապել խառնվածքի և բնավորության հետ, քանի որ, ինչպես գիտենք, անձի կառուցվածքի այդ բաղադրիչները, հատկապես խառնվածքը ազդում են նրա սոցիալականացման ընթացքի վրա:
Արդյո՞ք ուժեղ կամք ունեն միայն այն մարդիկ, ովքեր հակված են անշահախնդիր ռիսկի: Իհարկե ո՛չ: Կան գործունեության այնպիսի տեսակներ, որտեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են համառություն, հետևողականություն, տոկունություն, համբերատարություն, ճշտապահություն և այլ գծեր: Անշահախնդիր ռիսկի դիմելու հակված անձինք վատ են կատարում նման գործեր, ինչ ապացուցվել է փորձարարական եղանակով:
Դա նշանակում է, որ կան կամքի ուժի տարբերակներ: Դրանք հատկությունների տարբեր բարդույթներ են, որոնցից յուրաքանչյուրն արդյունավետ է գործունեության տարբեր ոլորտներում: Օրինակ, հետախույզին կամային գծերի այլ բարդույթ է պետք, քան տեսաբան գիտնականին: Բայց մի բան պարզ է, իրական նվաճումների հասնելու համար և՛ մեկին, և՛ մյուսին ուժեղ կամք է պետք: Կամային գծերի բարդույթների կազմն երկու դեպքում նույնը լինել չի կարող:

Խմբային ռիսկ

Մարդը որևէ խնդիր կարող է լուծել միայնակ կամ խմբի կազմում: Երկրորդ դեպքում նա խնդիրը դարձյալ կարող է լուծել միայնակ, բայց ուրիշների ներկայությամբ: Սակայն առավել հետաքրքրական է այն դեպքը, երբ որևէ խնդիր մարդիկ լուծում են խմբովին, որպես համատեղ գործունեություն: Խնդիրը կարող է դրվել խմբային քննարկման, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իր տեսակետն է ներկայացնում հնարավոր լուծումների մասին, առաջարկում է ընտրել դրանցից մեկը կամ մյուսը:
Խնդիրների խմբային լուծման հետ կապված բազմաթիվ հարցերից մեկն էլ հետևյալն է, ո՞ր վճիռներն են ավելի համարձակ լինում` անհատական, թե՞ խմբային:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թեև կան բացառություններ, բայց հիմնական միտումը հետևյալն է. խնդիրները խմբովին քննարկելիս կամ լուծելիս ավելի համարձակ լուծումներ են առաջադրվում, քան երբ նույն մարդիկ միայնակ են լուծում դրանք: Խմբի կազմում կատարվում է համարձակության և ռիսկի ուժեղացում:
Այս խնդրով զբաղվել են մի շարք սոցիալական հոգեբաններ, սակայն շատ համառոտ ներկայացնենք, թե ինչով են հոգեբանները բացատրում <<համարձակության տեղաշարժ>> կոչված երևույթը, ինչու՞ է այն առաջանում: Առաջադրվել են հետևյալ երեք հնարավոր բացատրությունները.
ա) խմբի կազմում դիտվում է պատասխանատվության ցրման երևույթ, անհատական պատասխանատվությունը նվազում է, ողջ խումբն է պատասխանատու դառնում վճիռների և ձեռնարկվող գործողությունների համար: Այդ պատճառով առաջարկվում և ընդունվում են ավելի համարձակ և ծայրահեղական լուծումներ, քան խնդիրը միայնակ լուծելիս:
բ) Խմբում համարձակ առաջարկություններ մտցնելն ավելի բարձր է գնահատվում, քան զգուշությունն ու պահպանողականությունը: Այդ պատճառով խմբի անդամները, համեմատվելով միմյանց հետ, ձգտում են ըստ համարձակության հետ չմնալ միմյանցից:
գ) Խմբում խնդիրը քննարկելիս մարդիկ այն ավելի խորն են հասկանում և պատրաստ են դառնում ավելի համարձակ վճիռներ կայացնելու համար:

by Mariam Sargsyan

Популярные сообщения