Մի՛ ձգտիր լինել հաջողակ մարդ, այլ` արժանի

<<Նա տվեց մեզ իր ամբողջությամբ և ներդաշնակությամբ անցյալի ամենահամարձակ
երազանքները գերազանցող աշխարհի պատկերը>>: Ն. Բոր
Ալբերտ Էյնշտեյնի կյանքը արտասովոր ուսանելի է: Այն հարուստ չէ արտաքին իրադարձություններով. Էյնշտեյնը երբեք ղեկավար պաշտոններ չի զբաղեցրել: Նրանից հետո հիշարժան վայրեր համարյա չեն մնացել: Ուլմում գտնվող տունը, որտեղ նա ծնվել է, երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ռմբակոծության ժամանակ քարուքանդ է եղել. Էյնշտեյնի աճյունը, իր իսկ կամքով, այրեցին և մոխիրը քամուն տվեցին: Էյնշտեյնի արխիվները ոչնչացան, երբ նրա տունը ավերեցին նացիստները: Բայց Էյնշտեյնից հետո մնաց այն, ինչը չեն կարող ոչնչացնել ո՛չ քամին, ո՛չ ռումբերը, ո՛չ էլ ժամանակը: Մնացին այն գաղափարները, որոնք ձևափոխեցին ֆիզիկան և հեղափոխիչ ազդեցություն ունեցան XX դարի բնագիտության վրա:
 Ա. Էյնշտեյնը ծնվել է 1879 թ. մարտի 14-ին, Հարավային Գերմանիայի Ուլմ քաղաքում: Ալբերտի ծնողները՝ Հերման Էյնշտեյնը և Պաուլինա Կոխը, ծագում էին գերմանական մանրբուրժուական շրջաններից:
Ալբերտի ամենասիրած զբաղմունքն էր չորս ձեռքով՝ մոր և քրոջ հետ, դաշնամուր նվագելը: Մինչև կյանքի վերջը նա պահպանեց երաժշտության հանդեպ այդ սերը: Երբ հինգ տարեկան էր, Ալբերտը հորից նվեր ստացավ գրպանի կողմնացույց: Նա հիշում է, որ այդ դեպքը իր վրա խոր և երկարատև տպավորություն թողեց: Իրերի հետևում պետք է լինի էլի ինչ-որ բան թաքնված…
Հանրագումարի բերելով իր դպրոցական տարիները, Էյնշտեյնը 1855 թ. գրված <<Ինքնակենսագրական ուրվագծերում>> ասում է. <<Ես ինքնակամ, բայց համեստ երիտասարդ էի, որը իրեն անհրաժեշտ գիտելիքները ստացել է պատահականորեն, հիմնականում՝ ինքնակրթությամբ: Ես ծարավ էի խորը գիտելիքների, բայց ուսումը ինձ հեշտ խնդիր չէր թվում: Ես չէի հարմարվում սերտելուն և վատ հիշողություն ունեի>>:
16 տարեկան հասակում նա թողնում է Միլանը, և առաջին անհաջող փորձ է կատարում ընդունվելու Ցյուրիխի պոլիտեխնիկումը: Մեկ տարի հետո շվեյցարական գիմնազիան ավարելտելուց հետո, ընդունվում է Ցյուրիխի ֆեդերալ բարձրագույն պոլիտեխնիկական ուսումնարանի մանկավարժական ֆակուլտետը, ուր սովորում է 1896-1900 թվականներին:
Պոլիտեխնիկումն ավարտելուց հետո նա չէր կարողանում երկու տարի հիմնական աշխատանք գտնել, բավարարվում էր փոխարինելով բանակ զորակոչված ուսուցչին կամ արտասահմանցի ուսանողներին դասեր տալով: Նա այն կարծիքին էր, եթե մարդն ունի խորը գիտական հետաքրքրություններ, ապա իր պարտադիր աշխատանքի հետ միասին նա կարող է խորանալ իր սիրած խնդրի մեջ: Նրան չպետք է հետապնդի այն երկյուղը, թե իր ջանքերը կարող են անարդյունք մնալ:
Իր կնոջը՝ Միլևա Մարիչին, շատ սիրելով, ով Ցյուրիխում տեսական ֆիզիկա էր ուսումնասիրում, իր կյանքի վերջում հանգեց հետևյալ եզրակացության. <<Ընտանիքի լավ տնտեսուհին նա է, ով կանգնած է փնթիի ու մաքրասերի միջև>>: Էյնշտեյն ամուսիններն ունեին երկու որդի՝ Հանս-Ալբերդը և Էդուարդը: Կրտսեր որդին՝ Էդուարդը 21 տարեկան հասակում հոգեկան հիվանդություն ձեռք բերեց և չբուժվեց մինչև կյանքի վերջը:
Էյնշտեյնի կյանքի առավել բեղմնավորը Բեռնի շրջանն էր: Այդ տարիներին է ստեղծվել հարաբերականության հատուկ տեսությունը՝ բրոունյան շարժման տեսությունը, և տրվել ֆոտոէֆեկտի առաջին քվանտային տեսությունը:
Էյնշտեյնն ուներ հետևյալ կարծիքը. <<Երբեմն ինձ հարց եմ տալիս, ինչպես ստացվեց, որ հենց ես ստեղծեցի հարաբերականության տեսությունը: Իմ կարծիքով պատճառը թաքնված է հետևյալում. նորմալ մարդը հազիվ թե սկսի մտածել ժամանակի-տարածության խնդիրների շուրջը: Նա գտնում է, որ դրանք իրեն հասկանալի են դեռ մանկուց: Ես, ընդհակառակը, մտավորապես այնքան դանդաղ էի հասունանում, որ միայն հասունանալով սկսեցի խորհրդածել ժամանակի և տարածության մասին: Հասկանալի է, որ այդ պրոբլեմներին ես խորամիտ եղա ավելի հիմնովին, քան այն մարդիկ, որոնք մանկուց նորմալ են զարգացել>>: Նա գրում է. <<Այժմ ես գիտեմ, թե ինչո՞ւ շատ մարդիկ իրենց հաճույքը գտնում են փայտ կոտրելու մեջ: Այդ աշխատանքի ընթացքում անմիջապես տեսնում ես քո աշխատանքի արդյունքը>>:
1919 թ., Ցյուրիխից վերադառնալուց հետո, որտեղ ձևակերպվեց նրա ամուսնալուծությունը իր առաջին կնոջից, նա ամուսնանում է Էլզայի հետ: Նրա շնորհիվ, ինչպես գրում է Մաքս Բորնը, Էյնշտեյնը հասավ ավելի կանոնավոր կյանքի: <<Բայց նունիսկ ֆրաու Էլզայի հարմարավետ, բարեկարգված տանը նա պահպանեց իր սպարտայական ապրելակերպը: Նրա փոքրիկ սենյակում չկար ոչ ծածկոց, ոչ գորգ, ոչ նկար պատին: Միայն մահճակալ, սեղան, աթոռ, գրադարակ՝ մի քանի գրքերով և ամսագրային մամուլների կապոցով: Սափրվելու համար նա օգտագործում էր նույն օճառը, որով լվացվում էր>>: <<Երկու տեսակի օճառ՝ դա չափազանց բարդ է ինձ համար>>,- ասում էր նա:
Էյնշտեյնի թևավոր խոսքերն են`
1. Նայիր ուշադիր բնությանը, և ապա միայն դու կհասկանաս ամեն ինչ ավելի լավ:
2. Կյանքը նման է հեծանիվ վարելուն: Հավասարակշռությունը պահելու համար` պետք է շարունակես ընթացքը:
3. Մի՛  ձգտիր լինել հաջողակ մարդ, այլ` արժանի:
4.  Իմաստության իրական նշանը գիտելիքը չէ, այլ երևակայությունը:
5. Հիմարության և հանճարեղության տարբերությունը այն է, որ հանճարեղությունն իր սահմաններն ունի:
6. Մենք չենք կարող լուծել մեր խնդիրները այն նույն մտածելակերպով, որով մենք դրանք ստեղծում ենք:
7.  Նա, ով անտարբեր է փոքր խնդիրներում ճշմարտություն փնտրելու հարցում, չի կարող համոզված լինել կարևոր հարցերում:
8. Գիտելիքի միակ աղբյուրը փորձն է:
9.  Քչերն են, ովքեր տեսնում են իրենց սեփական աչքերով և զգում սեփական սրտով:
10. Դժվարության մեջտեղում ընկած է հնարավորություն:
11.  Մարդ, ով երբեք սխալ չի գործել, նոր ոչինչ չի փորձել:
12.   Բոլոր կրոնները, արվեստները, գիտությունները նույն ծառի ճյուղերն են:
13. Բոլորը պետք է հարգվեն որպես անհատ, բայց ոչ կուռք:
14. Նա, ով ի վիճակի չէ այլևս հիանալ և անընդհատ երկյուղածության մեջ է, նույնն է, ինչ մահացածը, նրա աչքերը փակ են:
15.  Ես չունեմ հատուկ տաղանդ: Ես միայն չափազանց հետաքրքրասեր եմ:

By Mariana Sargsyan

Популярные сообщения