ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՁԱՆՆԵՐԸ: ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ: ՄԱՍ 3


Ճանաչենք մեր քաղաքը էքսկուրսիայի շրջանակներում շարունակում ենք բացահայտել Երևան քաղաքի արձանները: Նախորդ անգամները մենք անդրադարձանք ականավոր մարդկանց արձաններին և կիսանդրիներին: Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում հայոց արքաների  , կրոնական և առասպելական հերոսների և շատ ուրիշ թեմատիկ արձաններ: Այսպիսով`

Հայոց արքաների արձաններ

Արգիշտի Ա - տուֆ և բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Էդվարդ Բասրոյան։ Տեղադրվել է 2002 թվականին Էրեբունի հրապարակում, Էրեբունի թանգարանի շենքի դիմաց։

Տիգրան Մեծ - մարմար և գրանիտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է, ճարտարապետը՝ Ռազմիկ Օհանյանը։ Տեղադրվել է 2004 թվականին Նոր Նորքի երկրորդ զանգվածում, վիշապների այգու հարևանությամբ։

Տրդատ Ա - տուֆ, հեղինակը Ռաֆիկ Սարգսյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։


Խորհրդանիշ արձաններ

Մայր Հայաստան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան։ Տեղադրվել է 1967 թվականին Երևանում Հաղթանակի այգում։ Երևանի ամենաբարձր արձանն է։ Արձանի համար որպես նախատիպար վերցվել է կոնկրետ բնորդուհի, նա երևանաբնակ Ժենյա Մուրադյանն էր։ Արձանը խորհրդանշում է արդեն ընդհանուր հավաքական կերպար՝ հայ ռազմական ոգու, զինվորին մարտի դաշտ ուղարկող, ոգևորող հայ մոր, կնոջ, քրոջ կերպար։


Մայրություն - բազալտ, քանդակագործ՝ Սերժ Մեհրաբյան։ Տեղադրվել է 2004 թվականին, Զորավար Անդրանիկի պողոտայում։


Սպասում - բրոնզ և գրանիտ, հեղինակը Ստեփան Թարյանն է։ Ստեղծվել է 1947 թվականին, տեղադրվել է 2000 թվականին Օղակաձև այգում։



Զարթոնք - մարմար և գրանիտ, հեղինակը Յուրի Պետրոսյանն է։ Տեղադրվել է 2001 թվականին Փավստոս Բուզանդի փողոցում։

Մելամաղձություն - բրոնզ, հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետ Աշոտ Կարապետյան։ Ստեղծվել է 1959 թվականին, տեղադրվել է 2003-ին Փավստոս Բուզանդի փողոցում՝ «ՆՓԱԿ» Նորարար փորձառական արվեստի կենտրոնի շենքի դիմաց։

Մեղեդի - ալյումին և գրանիտ, հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյան։ Տեղադրվել է 1965 Թատերական հրապարակի և Կարապի լճի հարևանությամբ։


Առասպելական հերոսներ


Վահագն Վիշապաքաղ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1969 թվականին Մաշտոցի պողոտայում, այժմ Ծովակալ Իսակովի պողոտայում է։


Հայկ Նահապետ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում։


Տորք Անգեղ - կոփածո պղինձ, հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է։ Տեղադրվել է 1982 թվականին Երևանում Նոր Նորքի երկրորդ և չորրորդ զանգվածների միջև։


«Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձան - տրավերտին, հեղինակը՝ Վիգեն Ավետիս։ Տեղադրվել է 2008 թվականին Երևանում Վահագն Դավթյանի անվան զբոսայգում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց։



Ավետարանական և կրոնական թեմաներով արձաններ


Քրիստոսի ձեռքեր - մարմար, Կարրարա քաղաքի նվերն է։ Տեղադրվել է 1967 թվականին Օղակաձև այգում, այժմ մետրոյի Երիտասարդական կայարանի և Իսահակյանի արձանի մոտ։ Խորհրդային տարիներին հայտնի էին, որպես «Բարեկամության ձեռքեր»։



Աղոթողը - տուֆ, քանդակագործը Ե. Հունանյանն է։ Տեղադրվել է 2000 թվականին։


Նոյյան տապանը Արարատ լեռան վրա - տուֆ, քանդակագործ՝ Գ. Ղազարյան։ Տեղադրվել է 2000 թվականին։


Տիրամոր արցունքը - տուֆ, քանդակագործ՝ Բ. Սարգսյան։ Տեղադրվել է 2000 թվականին։


Ավետում - տուֆ, քանդակագործ՝ Ս. Մարտիրոսյան։ Տեղադրվել է 2000 թվականին, Շերամի փողոցում։



Նոյ - պղինձ, քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան։ Տեղադրվել է 2000 թվականին, ՀՀ նախագահի նստավայրի առաջ։ 2011-ին տեղափոխվել է շենքի հետնամաս։



Գրական և կինոյի հերոսներ


Պեպո - բազալտ, հեղինակը Գրիգոր Ահարոնյանն է։ Տեղադրվել է 1975 թվականին Երևանում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնիմոտ՝ Անգլիական այգում։

Տղամարդիկ - բրոնզ, պատկերված են Էդմոնդ Քեոսայանի նույնանուն կինոնկարի հերոսները՝ Վազգենը, Արամը, Սաքոն և Սուրենը։ Քանդակագործն է Դավիթ Մինասյանը։ Տեղադրվել է 2007 թվականին Մարտիրոս Սարյանի այգում, «Կոզիրյոկ» սրճարանի հարևանությամբ, որտեղ և ծավալվում են ֆիլմի հիմնական գործողությունները։ Նվիրված է Էդմոնդ Քեոսայանի 70 և կինոնկարի 35-ամյակներին։


«Անուշ և Սարո» - բազալտ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1973 թվականին Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում։


Այլ թեմաներ

Կարաբալա - բրոնզ, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է։ Տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայի կառուցման հետ կապված տեղափոխվեց Երվանդ Քոչարի փողոց։ Այժմ կրկին Աբովյան փողոցում է։


«Հռոմեացի զինվոր» - բրոնզ, հեղինակը Ֆերնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2005 թվականին Կասկադ համալիրի տարածքում։

«Կատու» - բրոնզ, հեղինակը Ֆերնանդո Բոտերոն է։ Տեղադրվել է 2002 թվականին Կասկադ համալիրի տարածքում։



Ղարաբաղցի կինը - կոփածո պղինձ, հեղինակը Դավիթ Երևանցին է։ Տեղադրվել է 1985 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Տերյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում։ Քանդակագործը արձանը կերտել է ծնունդով շուշեցի, մենապարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանի կերպարով:


Հանված արձաններ

Վլադիմիր Լենին - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետ  Լևոն Վարդանյան։ Տեղադրվել է 1940 թվականին Երևանում Լենինի հրապարակում (այժմ Հանրապետության հրապարակ), հանվել է Հայաստանի Հանրապետության օրոք 1991 թվականին։ 

Բանվոր - կոփածո պղինձ, հեղինակը Արա Հարությունյանն է, տեղադրվել է 1980 թվականին, հանվել է 1990-ական թվականներին։


                                                                                By Mariam Sargsyan

Популярные сообщения