Ալեքսանդր Մակեդոնացի
Նա մեծ զորավար էր
ու նվաճող և հպատակեցրեց Հին Արևելքի շատ պետություններ: Դեռ երեխա ժամանակ մի անգամ
նա իր հոր՝ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս 2-րդի, և նրա շքախմբի աչքի առջև սանձեց վայրի
ձիուն: Բոլորն ապշել էին Ալեքսանդրի ճարպկությամբ ու խիզախությամբ, իսկ Փիլիպոս թագավորը
գրկեց նրան և ասաց. <<Զավա՜կս, քեզ արժանի թագավորություն գտիր, Մակեդոնիան խիստ
փոքր է քեզ համար>>:
Ալեքսանդրը շռայլորեն
օժտված էր բնությունից՝ խելացի էր, խորաթափանց, համարձակ: Նրա դայակը՝ Լեոնիդասը, թագավորի
որդուն դաստիարակում էր ինչպես ռազմիկի, որ նա լինի տոկուն, ուժեղ, ուտելու մեջ անքմահաճ:
Ալեքսանդրը հետագայում
հիշում էր, թե ինչպես էր Լեոնիդասն իրեն <<նախաճաշի փոխարեն առաջարկում գիշերային
արշավ, իսկ ճաշին՝ աղքատիկ նախաճաշ>>:
Եվ Ալեքսանդրը մեծացավ
ուժեղ ու անվեհեր: Նա չէր հանդուրժում պարապությունը և հաճախ ասում էր. <<Ոչ մի բան ավելի անտանելի չէ, քան անհոգ կյանքն ու
շռայլությունը, և ոչ մի բան ավելի վեհ չէ, քան աշխատանքը>>:
Ալեքսանդրի ուսուցիչը
հին ժամանակների նշանավոր գիտնական Արիստոտելն էր: Նա թագավորի որդու հետ զրուցում
էր տիեզերքի ու բնության, մարդու և պետության մասին:
Եվ պատանին ուսուցչին
ասում էր, թե կցանկանար բոլորին գերազանցել ոչ այնքան ֆիզիկական ուժով, որքան գիտելիքներով:
Ալեքսանդրին ռազմական
արշավանքների ժամանակ գիտնականներ էին ուղեկցում: Զորավորը պահանջում էր, որ նրանք
ծանոթանային օտար երկրներին, դրանք նկարագրեին
գրքերում, գիտելիքներ տարածեին հպատակեցված ժողովուրդների մեջ:
Բայց, ինչպես ամեն
մի նվաճող, Ալեքսանդրը նախ և առաջ ավերվածություն ու մահ էր սփռում ամենուր, որտեղով
անցնում էր նրա հաղթական զորքը:
Զորավարը նվաճեց պարսիկների
մեծ ու ուժեղ տերությունը, նրա կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդներին և թագավորությունները:
Նրան հպատակվեցին Եգիպտոսը, Բաբելոնը և շատ այլ երկրներ՝ հին հույներին հայտնի գրեթե
ողջ աշխարհը: Նա կամենում էր հպատակեցնել նաև հարուստ, խորհրդավոր Հնդկաստանը:
Ալեքսանդրը թափանցեց
Ինդոսի գետահովիտը և մի շարք հաղթանակներ տարավ: Բայց տասնամյա արշավանքից հոգնատանջ
զինվորները հրաժարվեցին շարժվել ավելի առաջ, դեպի Գանգեսի ափերը, և Ալեքսանդրը, հարկադրված,
դադարեցրեց արշավանքը:
Արշավանքից վերադառնալուց
շատ չանցած Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ: Նրա վիթխարի տերությունն արագ քայքայվեց,
որովհետև այն կանգուն էր միայն զորքի ուժով: Սակայն նրա հարթած ճանապարհները չանհետացան:
Դրանցով սկսեցին անցնել առևտրական քարավանները: Հին Արևելքի ժողովուրդների և հույների
հարուստ մշակույթը միախառնվեցին, և ծնվեց նորը՝ հելլենիստական մշակույթը՝ ի տարբերություն
զուտ հունական կամ հելլենական մշակույթի:
Ալեքսանդր Մակեդոնացին
Հայաստան չարշավեց և չնվաճեց այն: Սակայն Մենոն անունով մի զորավարի գլխավորությամբ
զորամաս ուղարկեց Հայաստան՝ Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով, բայց հայերը
վտարեցին հունամակեդոնական զորքերը և ճակատամարտում սպանեցին Մենոնին: Մեր թվարկությունից
առաջ 331թ. տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտից հետո պարսիկների տիրապետության տակ
գտնվող այն երկրները, որոնք Ալեքսանդրը չէր գրավել, անկախացան: Այդ երկրներից էր նաև
Հայաստանը:
Մարիանա Սարգսյան
Մարիանա Սարգսյան