Հովհաննես Այվազովսկի
19-րդ դարի սկզբին Ղրիմի Թեոդոսի քաղաքում հաստատված հայ
առևտրական Կոստանդին Հայվազովսկու երկրորդ որդին էր Հովհաննեսը: Մեծ ծովանկարիչը, ով
քաջ գիտեր մայրենի լեզուն, իր նամակներում ու հայկական միջավայրի համար նախատեսված
նկարների տակ երբեմն ստորագրել է հայերեն՝ Հովհաննես Այվազովսկի կամ Օվաննես Այվազյան:
Հովհաննեսը ոսկե մեդալով ավարտում է Պետերբուրգի Գեղարվեստի
ակադեմիան, գործուղվում արտասահման՝ կատարելագործվելու: Վերդառնում է իբրև արդեն եվրոպական
հռչակ ձեռք բերած ծովանկարիչ: Այվազովսկին թողնում է Ռուսաստանի մայրաքաղաքը, գալի
է իր հարազատ, հայաշատ Թեոդոսիան, ծովի ափին տուն-արվեստանոց կառուցում և ստեղծագործում
մինչև կյանքի վերջին օրերը, սերունդներին թողնելով շուրջ 6000 պատկեր:
Նա աշխատել է տեսողական փայլուն հիշողությամբ: Պատկերել է
ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Նրա ստեղծած գործերի մեծ մասը
ծովի փոթորկահույզ տեսարաններ են: Եվ փոթրիկները պատկերելիս նա ընդգծել է այդ տարերքի
դեմ պայքարող մարդու ուժը, ցույց տալով, որ մարդը չի ընկճվի, մարդը կհաղթի: Այվազովսկու պատկերների մեջ արտացոլում են գտել հարազատ ժողովրդին հատուկ անսահման կենսասիրությունն ու լավատեսությունը: Նա արժանացել է ֆրանսիական
Պատվո լեգեոնի շքանշանի: Գրեթե ամեն տարի նրա
պատկերների ցուցահանդեսնեն են կազմակերպել Ռուսաստանի, Եվրոպայի ու Ամերիկայի խոշոր
քաղաքներում:
Այվազովսկին ամբողջ կյանքում սերտորեն կապված մնաց մայր ժողովրդին:
Նրան խորապես ցնցեցին 1890-ական թվականներին հայկական ջարդերը Թուրքիայում:
<<Խորին կսկիծով վշտացած է սիրտս անբախտ հայոց չլսված, չտեսնված կոտորածով>>,- գրել է նա:
Այվազովսկու գերեզմանաքարի վրա հայերեն գրված է. <<Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ>>: Նա վախճանվեց վրձինը ձեռքին, մինչ վերջ հավատրիմ մնալով իր <<ապրել՝ ինձ համար նշանակում է աշխատել>> դավանանքին:
<<Իններորդ ալիք>>
<<Փոթորիկ Օդեսայի ափերին>>
<<Նոյն
իջնում է Արարատից>>
<<Ձկնորսները ծովի ափին>>