ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ԱՌԱԿԱԳԻՐԸ` ԵԶՈՊՈՍ

Եզոպոսը եղել է աշխարհի առային առակագիրը: Նա ապրել է մ.թ.ա 6-րդ դարում: Եզոպոսի մասին շատ քիչ բան է հայտնի, բայց փոխարենը պահպանվել են շատ ավանդույթներ և զրույցներ նրա մասին: Նա եղել է հույն փիլիսոփա Քսանթոսի ստրուկը: Ասում են նույնիսկ, թե Եզոպոսը այնքան աղքատ էր, որ հենց ինքն էլ վաճառել է իրեն ստրկության, որպեսզի կարողնա վճարել պարտքերը:

Լեգենդը պատմում է, թե ինչպես Քսանթոսը գնեց Եզոպոսին: Մի աանգամ շուկայում նա տեսավ երեք ստրուկ, որոնք վաճառքի էին հանված. երկուսը գեղեցիկ էին , իսկ երրորդը Եզոպոսն էր: Քսանթոսը հարցրեց ստրուկներին.

 Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
- Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
- Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
- Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
- Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
- Իսկ քեզ համար միեւնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում... Իբրեւ խորհրդատու գնիր՝ այն ժամանակ կասեմ:
- Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
- Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
- Ախր դու շատ տգեղ ես:
- Մառանի տակառներն էլ տձեւ են, բայց պարունակությունը փառահեղ է:
Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան...

Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ և Եզոպոսին ուղարկեց իմանալու՝ շա՞տ մարդ կա այնտեղ, թե՞ ոչ: Եզոպոսը վերադարձավ՝ ասելով, թե ընդամենը մեկ մարդ կա բաղնիքում: Քսանթոսն ուրախացած ճանապարհվում է այնտեղ և հայտնաբերում, որ քաղաքային բաղնիքը լի է այցելուներով:
- Ինչո՞ւ ինձ ստեցիր, տխմա՛ր, թե մեկ մարդ կա բաղնիքում,- զայրանում է Քսանթոսը:
- Բնավ էլ չեմ ստել, երբ եկա բաղնիք, տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած... Ամենքը սայթաքում էին, հայհոյում և անցնում, միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմ դրեց քարը... Դա էր մեջների մարդը,- պատասխանեց Եզոպոսը:
Եզոպոսը ճամփան քաղաքում խաղաղ զբոսնելիս կտրում է մի զինվոր, որ հարցնում է.
- Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
- Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ չգիտես... հապա իսկույն պատասխանի՛ր...
- Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին եւ պատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբ ցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում եւ ասում է.
- Տեսա՞ր, բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի. ախր ես չգիտեի, որ բանտ եմ գնալու...
Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին...

Իսկ հիմա Ձեզ ենք ներկայացնում Եզոպոսի մի քանի առակ:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:
ԳՅՈՒՂԱՑԻՆ ՈՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ

Գյուղացու որդիները մշտապես վիճում էին իրար հետ: Հայրն անընդհատ համոզում էր նրանց, որ հաշտ ու խաղաղ ապրեն, բայց ոչ մի խոսք չէր ազդում: Եվ նա որոշեց օրինակով համոզել. կարգադրեց մի խուրձ շիվ բերել: Երբ բերեցին, կապված շիվերը տվեց նրանց և առաջարկեց ջարդել: Շատ չարչարվեցին, բայց իզուր:
Հայրն արձակեց խուրձը և շիվերը մեկ-մեկ տվեց որդիներին, որոնք առանց դժվարության ջարդեցին շիվերը:
Եվ գյուղացին ասաց.
- Այդպես էլ դուք, զավակնե՛րս, եթե իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի ձեզ:


Առակս ցուցանե. որքան անհաղթելի է համերաշխությունը, նույնքան անզոր է պառակտումը:

Մարիամ Սարգսյան

Популярные сообщения