Հայաստանի անկախության հռչակումը

1990թ. Օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց <<Հռչակագիր Հայաստանի անկախության մասին>>, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը:
Հռչակագիրը, որ կարևոր իրավական փաստաթուղթ էր դեպի անկախություն տանող ճանապարհին և նախանշում էր Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները, բաղկացած էր 12 կետից:
Հռչակագրի քաղաքական բաժնում նշվում էր, որ ՀԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան, այսինքն այնպես, ինչպես հանրապետությունը կոչվել էր 1918 թվականին): Այսպիսով, Հայատանի պատմության մեջ սկսվում էր երրորդ հանրապետության շրջանը (առաջինը՝ 1918-1920, երկրորդը՝ 1920-1991): Կարևոր է նշել, որ թեև Խորհրդային Հայաստանը դեռևս ԽՍՀՄ կազմում էր և չէր օգտվում իրական պետական անկախությունից, բայց այդ շրջանում ձեռք բերված հաջողությունների հիմքի վրա էր, որ հնարավոր եղավ կյանքի կոչել երրորդ հանրապետությունը:
Հռչակագրի հատուկ հոդվածով ընդունվում էր հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ: Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը չէր հաստատված Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում: Պետական խորհրդանիշներ հաստատվեցին Հայաստանի առաջին հանրապետության դրոշն ու զինանշանը: Հայաստանը պետք է վարեր ակտիվ արտաքին քաղաքականություն, ունենար իր դիվանագիտական ներկայացուցիչները տարբեր երկրներում:
Հատուկ կետով արձանագրվում էր, որ Հայաստանը պետք է ունենա իր մասնաբաժինը ԽՍՀՄ զինված ուժերի միջոցներից: ՀՀ-ն պետք է ունենար սեփական դրամական համակարգ:
Մշակութային բաժնում հատուկ ուշադրություն էր հատկացվում հայերենի, իբրև պետական լեզվի կիրառման հարցին: Հանրապետությունում ներքին ամբողջ գործավարությունը պետք է կատարվեր միայն հայերենով:
Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն: Վերականգնվում էին Հայ Առաքելական եկեղեցու իրավունքները: Հատուկ հոդված մտցվեց 1915 թ. Հայոց ցեղասպանության և հայկական տարածքների մասին: Հռչակագիրը հաստատում էր Հայաստանի վճռականությունը՝ Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ:

Շնորհավորում ենք ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ, մաղթում ենք հայ ժողովրդին խաղաղություն, ազատություն և բաերեկեցություն:
Մարիանա Սարգսյան

Популярные сообщения