Իսկ իրականում գոյություն ունե՞ն այլմոլորակայիններ


Գիտնականները միշտ հետաքրքրվել են, թե ինչու որոշ մարդիկ չափազանց բացառիկ ընդունակությունների եւ հաջողությունների տեր են: Եվ քանի որ նման օժտվածության վերաբերյալ ոչ մի տրամաբանական բացատրություն նրանք չեն կարողացել տրամադրել, ապա հայտնել են մի տեսություն, ըստ որի այդ մարդիկ հայտնվել են երկրի վրա ոչ պատահական:
Մեծ բրիտանացի այլմոլորակաբան Ջոն Փոուփը վստահ է, որ մարդկության բոլոր ականավոր ներկայացուցիչները հանդիսանում են այլմոլորակայինների ժառանգներ: Ըստ նրա խոսքերի` այժմ աշխարհի բնակչության ավելի քան 50 տոկոսը խառնուրդներ են` եկվորների եւ հին ժողովուրդների հետնորդները: Փոուփի տեսության մեջ նշվում է, որ մոտ 30-40 հազար տարի առաջ մեր մոլորակի վրա այլմոլորակայիններ են հայտնվել, որոնք էլ դարձել են առաջին հնագույն քաղաքակրթությունների հիմնադիրները, այդ թվում` շումերների, եգիպտացիների, ացտեկների եւ մայաների: Այս բոլոր քաղաքակրթությունները հասել են զարգացման բարձր մակարդակի: Հնագույն մարդկանց եւ այլմոլորակայինների խառնամուսնությունների արդյունքում ծնվել են գենային մակարդակով խաչասերված երեխաներ: Այսպիսով, ներկա պահին մարդկության գրեթե կեսն ունի այլմոլորակայինի արմատներ: Ելնելով մի քանի առանձնահատկություններից, որոնք բնորոշ են եղել այլմոլորակայիններին, նրանց հնարավոր է ճանաչել.
 Այլմոլորակայինների սերունդներն, ըստ Փոուփի, շատ բարձր մակարդակի մտավոր զարգացածություն ունեն: Նա համոզված է, որ բարձրագույն այլմոլորակային քաղաքակրթությունների սերունդներից են բոլոր հանճարները, բուժակները, հեքիմները, շամանները, վհուկները, էքստրասենսներն ու պայծառատեսները:
 Երկրորդ առանձնահատկությունը, որը տարբերակում է այլմոլորակայինների սերունդներին, կապույտ, մոխրագույն կամ մետաղական գույնի աչքերն են: Փոուփը համոզված է, որ ի սկզբանե բոլոր երկրաբնակներն ունեցել են շագանակագույն, կանաչ եւ սեւ աչքեր: Մարդիկ, որոնց աչքերը տարբեր գույների են, ինչպես նաեւ նրանք, ովքեր ունեն մուգ, բայց ոսկեգույն բծերով աչքեր, եւս այլմոլորակային նախնիներ են ունեցել:
 Երրորդ առանձնահատկությունը ձեռքերն են: Երկրաբնակների մոտ դրանք քառակուսու ձեւ ունեն, իսկ մատները կարճ են: Մինչդեռ այլմոլորակայինների սերունդների մատները բարակ են, իսկ դաստակները` երկար: Բացի այդ, երկրաբնակների բոլոր սերունդներն ունեն միջին հասակ, ամրակազմ են, ֆիզիկապես դիմացկուն, ուժեղ, մկանուտ, լայն ուսերով ու կրծքավանդակով, կանայք լայն կոնքեր եւ մեծ կուրծք ունեն: Միեւնույն ժամանակ, այլմոլորակայինների սերունդները փխրուն են, բարձրահասակ, նրբագեղ, բարեկազմ, ունեն թերզարգացած մկաններ, հակված են ստամոքսի եւ ստորին ողնաշարային բաժնի հիվանդությունների: Բացի այդ, վերջիններս ավելի շատ հակված են մտավոր գործունեությամբ զբաղվելուն, նրանք ունեն ցածր ձայն եւ հստակ խոսք, երկրաբնակները տարբերվում են նրանցից արագ ու ոչ հստակ խոսքով:
Երկրաբնակների` այլմոլորակային արմատների մասին խոսում է նաեւ Քարդիֆի աստղակենսաբանական կենտրոնի տնօրեն Վիկրամասինգը: Նա համոզված է, որ Երկրի վրա կյանքը հայտնվել է այն բանից հետո, երբ Երկրի վրա է ընկել գիսաստղ, որը նախկինում լուսնի վրա է եղել: Ըստ գիտնականի՝ միկրոբները, որոնք ընկել են Երկրի մակերեւույթին տիեզերական խորքերից, դարձել են հիմք մոլորակի վրա տեսակների բազմազանության զարգացման համար: Այսպիսով, տեսության էությունն այն է, որ կյանքը փոխանցվում է մեկ մոլորակից մյուսին, եւ այդ գործընթացը տեղի է ունենում միլիարդավոր տարիների ընթացքում:

Հետազոտողը նշում է, որ լուսնից բացի արեւային քամիները կարող էին կյանք բերել Վեներայից: Ամպերը, որոնք տեղակայված են այդ մոլորակի մթնոլորտում, իրենց կազմում ունեն քիմիական տարրեր, որոնք համատեղելի են միկրոօրգանիզմների զարգացման հետ: Հնարավոր է, որ Վեներայի վերին մթնոլորտի միկրոբները կարողացել են հասնել Երկրի մթնոլորտի վերին շերտեր:
Նշենք, որ ավելի վաղ հնդիկ գիտնականները, հայտնաբերելով նոր տեսակի բակտերիաներ, որոնք ապրում են մոտ 40 կմ բարձրության վրա, եւս առաջ էին քաշել մի տեսություն, ըստ որի կյանքը կարող էր բերվել երկրի տարածք տիեզերքից: Զարմանալին այն է, որ այդպիսի բարձրության վրա հնարավոր է, որ կյանք կա:
Բոլոր երեք տեսակի բակտերիաները, որոնք հայտնաբերվել են, նման չեն երկրի վրա գոյություն ունեցող բակտերիաների որեւէ տեսակի: Ուստի գիտնականները չեն բացառում, որ այդ բակտերիաներն ուղղակի ինչ-որ խառնածիններ են, որոնք որոշակի անհայտ գործընթացների շնորհիվ տեղափոխվել են մեծ բարձրության վրա:
Որոշ գիտնականներ նաեւ արտահայտում են մի վարկած, որի համաձայն մարդկային քաղաքակրթությունը գենետիկ ինժեներիայի արդյունք է: Այսպիսով, ըստ վերջին գիտական տվյալների՝ մարդու գենոմը պարունակում է մոտ 35,000 գեն: Ընդ որում, մարդկային գեները 70 տոկոսով համընկնում են մկների, իսկ 99 տոկոսով` շիմպանզեների գեների հետ: Մարդու որոշ գեներ համընկնում են բույսերի, բորբոսասնկերի, խմորիչների եւ անողնաշարավորների գեների հետ: Այս բացահայտման շնորհիվ գիտնականները կարողացել են պարզել Երկրի վրա կյանքի ծագման որոշ դրվագներ:
Պարզվել է, որ այդ մարդն ունի 223 գեն, որոնք չեն հայտնաբերվել երկրի վրա որեւէ այլ կենդանի արարածի մեջ, այսինքն, նրանք չեն կարողացել հայտնվել մարդկային օրգանիզմում էվոլյուցիայի միջոցով:
Ամերիկացի գիտնական Զ.Սիտչինն, առաջ քաշելով իր տեսությունը, բացահայտում է, թե որտեղից են հայտնվել այդ խորհրդավոր գեները: Արեգակնային համակարգում գոյություն ունի 12-րդ մոլորակ, որը հնագույն աղբյուրներում կոչվում է Նիբիրու: Այն մի քանի անգամ մեծ է Երկրից ու արեւի շուրջ մի պտույտը կատարում է 3,600 տարվա ընթացքում:
Գիտնականը համոզված է, որ 300,000 տարի առաջ այս խորհրդավոր մոլորակի վրա գոյություն է ունեցել զարգացած քաղաքակրթություն, որի ներկայացուցիչները վայրէջք են կատարել Երկիր՝ հետաքրքրված լինելով հանքանյութերով: Նախ, նրանք հիմնել են իրենց առաջին քաղաքը` Էրիդուն, ապա սկսել են զարգացնել իրենց հանքերն Աֆրիկայում: Ու քանի որ աշխատանքը ծանր էր, նրանք որոշում են օգտագործել տեղի բնակչության աշխատուժը, սակայն մերժում են ստանում: Այդ ժամանակ այլմոլորակայինները կլոնավորման եւ գենային ինժեներիայի միջոցով ստեղծում են ողջամիտ մարդու` Ադամին, ով միայնակ էր ու չէր կարող ժառանգներ ունենալ: Ձանձրանալով կլոնավորումից՝ այլմոլորակայիններն Ադամի ԴՆԹ-ից վերակառուցում են 23 զույգ քրոմոսոմներ ու ստեղծում Եվային…
Երկրային մարդիկ այլմոլորակայիններին որպես աստվածներ ընդունեցին, վերջիններս էլ առանձնապես դեմ չէին:
Իհարկե ասել, որ այս բոլոր տեսությունները մարդկության ծագման վերաբերյալ ճշմարիտ են, անզգույշ ու ռիսկային կլինի: Մյուս կողմից, ժամանակակից գիտությունը շատ քիչ բան գիտե, թե ինչպիսի՞ն է եղել այն վաղ ժամանակաշրջաններում, այնպես որ, մերժել այդ տարբերակները եւս չենք կարող:

 by Karine Bayramyan

Популярные сообщения