Շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի, գրի ու դպրության օրը


<<Դպրոց>> բառն առաջացել է <<դպիր>> բառից, որ հնում նշանակել է գրագետ մարդ, գրագիր, քարտուղար:
Դուք, անշուշտ չեք մոռանա դպրոցական ձեր առաջին օրը:
Սեպտեմբերյան արևոտ առավոտ է: Բոլոր դասարանները շարված են դպրոցի մոտ: Ամենուր ծաղիկներ են, ժպիտներ, խնդուն դեմքեր: Այստեղ դուք առաջին անգամ տեսնում եք ձեր համադասարանցիներին, ծանոթանում ուսուցչուհու հետ: Հնչում է դպրոցական առաջին զանգը ձեր կյանքում:
Սեպտեմբերի 1-ը նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության որոշմամբ: Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 325 թվականին Բյութանիայի Նիկիայի քաղաքում Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվեց ժողով, որտեղ որոշվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից:
Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին:

Սեպտեմբերի 1-ն առաջին ղողանջների, հուզումների, գույնզգույն ծաղկիկների, սպիտակ և շքեղ ժապավենների օրն է: Մենք շնորհավորում ենք ձեզ և ձեր երեխաներին  այս հիասքանչ օրվա առթիվ, ցանկանում, որ հիշեք ամենակարևորը՝ կյանքի հանդեպ խոհեմության մասին: Թող ձեր և ձեր երեխաների կյանքում միշտ լինի տեղ իմաստության համար:

Մարիանա Սարգսյան

Популярные сообщения