Ներդաշնակ կերպար

      Ժամանակակից հայ կինն այսօր հպարտորեն ստանձնում է ոչ միայն սիրված կին, ընտանիքի մայր լինելու պարտականությունը, այլև աշխատավայրում որոշակի պաշտոն: Վերջինս պահանջում է ոչ միայն գիտելիքներ ու աշխատանքային փորձ, այլ նաև ուրույն անհատականություն, որն առաջնայնորեն դրսևորվում է հագուստի միջոցով: Ընտրելով ճիշտ հագուստ և աքսեսուարներ` զուսպ և դասական ոճի հագուստի միջոցով հնարավոր է ընդգծել կանացիությունը, ստեղծել գեղեցիկ ու նորաձև կերպար:
Dress code /հայ. հագուստի կոդեքս/ հասկացությունը առաջացել և սկսել է գործածվել Մեծ Բրիտանիայում, որտեղից էլ տարածվել է աշխարհով մեկ և աստիճանաբար մուտք է գործել նաև Հայաստան:
      Առաջինը, ինչի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, գունային գամման է: Ինչպես և բոլոր ժամանակներում գրասենյակային միջավայրում ընդունված է կրել ոչ շատ վառ երանգների հագուստ: Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ այն պետք է լինի ձանձրալի և աննկատելի: Այս սահմանափակ գունային ընտրության մեջ նույնպես կարելի է ընտրել շատ նրբագեղ և հետաքրքիր երանգներ:

       Ինչպես միշտ, գործնական միջավայրում իշխում է մոխրագույնն իր բոլոր երանգներով: Նույնքան տարածված է նաև շագանակագույնը, իսկ ավելի հստակ բեժի երանգները, կաթով սուրճի երանգը, կակաոյի, ինչպես նաև շոկոլադի երանգները: Չմոռանանք նաև կապույտի երանգների մասին: Հայտնի են, որ դրանք ինտելեկտի, լրջության, զսպվածության գույներն են և նպաստում են կենտրոնանալուն:
     Հաջորդ տարրը, որը կարևոր է գրասենյակային կերպար ստեղծելու համար, ընտրած հագուստի ֆասոնն է: Այստեղ կարևոր է դասական խիստ գրասենյակային կերպարը փոքրինչ ավելի կանացի դարձնելը: Օրինակի համար կարելի է ընտրել կոստյում, որը բաղկացած կլինի միփոքր լայնացող կիսաշրջազգեստից կամ գոտկատեղը ընգծող պիջակից: Մեկ այլ տարբերակ է խիստ կոստյումը նեղ կիսաշրջազգեստով, որը լրացված կլինի կարճ, բասկա ունեցող պիջակով: Ի տարբերություն դասական տարբերակներին, այն ունի ավելի կանացի տեսք և ընգծում է կնոջ կազմվածքը:

     Կերպարն ավելի հետաքրքիր դարձնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել սաֆարի և միլիթարի ոճի տարրեր, ինչպես օրինակ մետաղյա կոճակներ, ուսադիրներ և այլն: Կարելի է նաև կրել միատոն հասարակ ջինսեր՝ համադրելով դրանք դասական ոճի բլուզների և բարձրակրունկ կոշիկների հետ:
     Նախկինում գործարար կնոջ կերպարը լրացնում էր տաբատով կոստյումը, ինչն արդի օրերում այդքան էլ խորհուրդ չի տրվում ներառել գրասենյակային առօրեայում: Դրանք այժմ իրենց տեղը զիջել են կիսաշրջազգեստով կոստյումներին: Մենք բավական երկար ժամանակ ենք կրել տաբատներ և մի փոքր հոգնել ենք դրանցից: Այսօր, տաբատով կոստյումները համարվում են ոչ սեքսուալ, հատկապես մինիմալիստական, ունիսեքս ոճի տարբերակները:

      Արդիական գրասենյակային տարբերակ են հանդիսանում զգեստները: Երկար ժամանակ դրանք գործնական ոճի նորաձեւության ետնամասում էին, զիջելով տեղը կոստյումներին: Սակայն, այսօր դրանք դուրս են եկել առաջին պլան եւ բավականին տարածված են համարում: Միայն անհրաժեշտ է, որպեսզի դրանք շատ կարճ եւ վուլգար չլինեն: Շատ նորաձև են համարվում երկու գույնի կտորներից 
կարված տարբերակները, որոնք ընգծում են Ձեր անհատականությունը ու կերպարին ավելի հետաքրքիր տեսք տալիս:
      Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա այժմ գրասենյակային ոճի մեջ թույլատրելի են դարձել նաև բարձրակրունկ կոշիկները, սակայն այստեղ ևս պետք է չմոռանալ զսպվածության մասին և չընտրել, օրինակի համար, քարերով կամ փայլերով տարբերակներ: Գրասենյակի համար անթույլատրելի են սպորտային կոշկները:
    Պետք է հիշել, որ յուրաքանչյուր վայր պահանջում է իրեն համապատասխան հագուստ: Աշխատավայրի, կարպորատիվ հանդիպման, տան, զբոսանքի կամ մարզասրահի համար պետք է ընտրել միանգամայն տարբեր հագուստ` միաժամանակ չդավաճանելով սեփական ոճի զգացողությանը, ու մշտապես մնալ կանացի ու գրավիչ:



Աննա Առաքելովա

Популярные сообщения