Գործարար մարդու 10 պատվիրանները

Առաջին պատվիրան: Հարգե´ք իշխանությունը: Բիզնեսում հաջողության հասնելու համար հարգեք ձեր գործընկերներին և այն   պետության օրենքները, որտեղ գործարար գործունեություն եք ծավալում: Հավասարապես հարգեք թե´ ձեր ղեկավարներին, թե´ ձեզ հավասար հասարարկական դիրք ունեցող աշխատողներին, թե´ ձեր ենթականերին:
Երկրորդ պատվիրան: Նպատակասլաց եղե´ք, քանի որ նպատակին հասնելու համար հարկ է կենտրոնացնել ողջ կենսական ուժերը: Ձեր առջև միշտ կոնկրետ նպատակն ունեցեք և մի´ շեղվեք ձեր հիմնական նպատակից: Բայց միևնույն ժամանակ ձեր նպատակին հասնելու համար մի´ խախտեք բարոյական նորմերի սահմանները:
Գործարար մարդը պետք է կարողանա ռացիոնալ օգտագործել իր ժամանակը, միջոցները և տաղանդը: Նրա բարոյական արժեքները և անձնական գործերը երբեք չպետք է հակասեն կազմակերպության շահերին ու նպատակներին, միևնույն ժամանակ կազմակերպության նպատակները երբեք չպետք է հակասեն աշխատակիցների բարոյական արժեքներին ու նպատակներին:
Երրորդ պատվիրան: Հավատարիմ եղեք ձեր խոսքին: Մի´ տարանջատեք խոսքը և գործը:
Գործարար մարդը պետք է հավատարիմ լինի իր խոսքին, կատարի իր խոստումները: Երբեք չպետք է կորցնել աշխատակիցների վստահությունը:
Չորրորդ պատվիրան: Ժամանակ տրամադրեք ձեր հանգստին, քանի որ հանգիստը ստեղծագործական արդյունավետ աշխատանքի հիմնական պայմաններից է:
Կազմակերպությունում  աշխատանքի արդյունավետությունը կախված է աշխատողների առողջական վիճակից և ինքնազգացողությունից: Կանոնավոր հանգիստը վերականգնում է օրգանիզմի կենսական ուժերը, վերացնում ուղեղի գերհոգնածությունը:
Հինգերորդ պատվիրան: Հարգե´ք մեծերին, քանի որ կազմակերպության ներկան և ապագան հիմնվում են անցյալի վրա: Հաշվի առեք ավագ սերնդի ներկայացուցիչների կենսափորձն ու հետևեք նրանց խորհուրդներին:
Վեցերորդ պատվիրան: Հարգեք մարդկային կյանքն ու մարդու իրավունքները:
Պետք է հարգել ոչ միայն ուրիշների, այլև սեփական կյանքը: Ցանկացած իրավիճակում հարկ է առաջնորդվել բարոյականության ոսկե կանոնով.<<Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց>>:
Յոթերորդ պատվիրան: Սիրե´ք ձեր ընտանիքը և նվիրված եղե´ք ձեր հարազատներին, քանի որ ընտանիքը հասարակության հիմքն է: Ամուր ընտանիքը գործարար մարդու և նրա հիմնարկի բարգավաճման գրավականն է: Մարդը պետք է պատասխանատու լինի իր ընտանիքի և հարազատների համար:
Ութերորդ պատվիրան: Անկեղծ և արդարամիտ եղե´ք: Առանց տատանվելու մերժեք բոլոր անարդար առաջարկները: Պահպանե´ք ձեր և ձեր կազմակերպության բարի համբավը:
Իններորդ պատվիրան; Հարգե´ք մասնավոր սեփականության իրավունքը:
Միայն աշխատասեր, ստեղծագործ և սիրալիր մարդը կարող է աշխատանքից հաճույք և նյութական եկամուտներ ստանալ:
Հեղինակությունը, համբավ ձեռք բերելը, եկամուտներ ստանալը երբեք ինքնանպատակ չպետք է լինեն: Աշխատանքում հիմնական նպատակը պետք է լինի կենսական ներուժի և ընդունակությունների սպառումը, ինքնաիրագործումը:

Տասներորդ պատվիրան: Կազմակեպության միջոցները մի´ օգտագործեք սեփական նպատակներն իրականացնելու համար:

Մարիանա Սարգսյան

Популярные сообщения