Ի՞նչ անել, երբ զգում ես, որ փակուղի ես ընկել

 Երբ մարդը զգում է, որ փակուղի է ընկել, դա սովորաբար նշանակում է՝ իր առջևում բացակայում են հստակ ուղղություններ, իսկ ներսում՝ վստահություն՝ շարժվելու դեպի որևէ ուղղություն։ Այդ զգացումը կարող է առաջանալ կյանքի տարբեր փուլերում երբ աշխատանքը կորցնում է իմաստը, հարաբերությունները կանգ են առնում, կամ նույնիսկ երբ առօրյա գործերը դառնում են մեխանիկական, անտրամադիր ու դատարկ։

Ինչպե՞ս հասկանալ՝ դու փակուղու մեջ ես

Փակուղու զգացողությունը միշտ չէ, որ ուղեկցվում է աղմկոտ փոփոխություններով։ Երբեմն դա պարզապես անորոշությունն է՝ առավոտյան արթնանալիս, ցանկությունների բացակայությունը, առաջ շարժվելու պակաս մոտիվացիան, կամ նույնիսկ՝ այն միտքը, որ չգիտես՝ ինչու ես անում այն, ինչ անում ես։

Դա կարող է նաև արտահայտվել որոշումների առջև կանգ առնելու մեջ երբ չես կարողանում ընտրել՝ ինչ անել, որ ուղղությամբ գնալ, կամ երբ միևնույն ժամանակ մի քանի բան ես ուզում, բայց ոչ մեկը բավարար ուժեղ չէ սկսելու համար։

Ինչ չէ պետք անել

  1. Չարժե ստիպել քեզ "պետք է դուրս գաս դրանից" տրամաբանությամբ։ Փակուղուց դուրս գալը մեկ շարժումով հարց չէ։ Հաճախ դրա համար պետք են դիտարկում, լռություն և ինքնախորհրդածում։
  2. Մի մերժիր այդ զգացումը։ Դա ազդանշան է, որ ինչ-որ բան փոխվելու կարիք ունի։ Իսկ որպեսզի հասկանաս՝ ինչ, պետք է ընդունես, որ փակուղու մեջ ես։
  3. Մի համեմատիր քեզ ուրիշների հետ։ Այլ մարդիկ կարող են ցույց տալ առաջընթացի արտաքին նշաններ, բայց դա չի նշանակում, որ իրենք նույն փակուղում չեն եղել կամ հիմա էլ չեն գտնվում՝ իրենց տարբեր ձևով։

Ինչ կարելի է փորձել անել

  1. Անվտանգ տեղ ստեղծիր ինքդ քեզ լսելու համար։ Գրի՛ր, խոսի՛ր,  մտածի՛ր՝ առանց դատելու։ Ինչի՞ց ես հոգնել։ Ի՞նչն է քեզ ուժասպառ անում։ Ի՞նչն է քեզ երբևէ ոգեշնչել ։ Չնչին բաներից էլ կարելի է սկսել։
  2. Փոքր փորձարկումներ արա։ Փակուղուց դուրս գալը երբեմն չի պահանջում մեծ որոշումներ։ Փոքր փորձերը՝ նոր բաներ սովորելու, նոր միջավայր մտնելու, նոր մարդկանց հետ շփվելու, կարող են փոխել ներքին քարտեզդ։
  3. Խոսի՛ր մարդկանց հետ, ովքեր կարող են անկեղծ զրուցել։ Ոչ թե խորհուրդ տալ, այլ պարզապես լսել։ Երբեմն ինքդ քեզ ավելի լավ ես հասկանում, երբ քեզ լսում են։
  4. Մի՛ կարծիր, որ պիտի պատասխանն ունենաս։ Այդ փուլում դու չես որոնում պատասխանը, դու որոնում ես հարցերը, որոնք իսկապես կարևոր են քո համար։

Փակուղին՝ որպես հնարավորություն

Շատ հաճախ փակուղին հենց այն պահն է, երբ հին ճանապարհները դադարում են գործել, բայց նորերը դեռ չեն երևում։ Դա մի տարածք է, որտեղից դուրս գալը հնարավոր է միայն ներս նայելով։ Եվ դա երկար ճանապարհ է։ Բայց փակուղին միշտ չէ, որ փակ է։ Երբեմն ուղղակի ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե իրականում ինչ ես ուզում տեսնել քո առջև բացված։

Ոչ մի գիրք, դասախոսություն կամ ուրիշի խորհուրդ պատրաստ լուծում չի տա։ Բայց եթե դու իսկապես սկսես նայել ներսդ, ընդունես անորոշությունը, դադարես փախչել ու սկսես փոքր քայլերով փորձել, փակուղին կամաց-կամաց կդադարի լինել պատ, ու կդառնա՝ նոր ճանապարհի սկիզբ։

 

Комментарии

Популярные сообщения