Մարդ, ում միտքը ժամանակից դուրս էր
Լեոնարդոն Վերածննդի Բարձր Արվեստի
հիմնադիրն է և այդ արվեստի տիտաններից մեկը: Լեոնարդոն ծնվել է 1452 թվականի ապրիլի
15-ին: Դա Վինչի պարզապես նշանակում է ծնունդով Վինչիից: Իտալերեն նրա լրիվ անունն
է Leonardo di ser Piero da Vinci, որը նշանակում է՝ Լեոնարդո՝ որդին պարոն Պիերոյի՝
Վինչիից: Լեոնարդոն ապօրինի զավակ էր և իր կյանքի առաջին տարիներն անցկացրել է մոր
հետ: Նրա հայրը շուտով ամուսնացավ հարուստ ու ճանաչված մի աղջկա հետ: Ամուսնությունն
անպտուղ էր, և Պիերոն շուտով երեքուկես տարեկան որդուն տանում է իր մոտ: Այն ժամանակներում
Իտալիայում ապօրինի երեխաներին լավ էին վերաբերվում, գրեթե օրինական ժառանգների պես:
Լեոնարդոյի մանկական տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, հավաստի է միայն այն, որ
նա մեծ սեր է ունեցել բնության, թռչունների և կենդանիների հանդեպ և հասկանալի է, թե
ինչպես պետք է սիրեր մարդկանց: Նա շատ հանդուրժող և ներողամիտ էր շրջապատողների թերությունների
նկատմաբ:
Լեոնարդո Դա Վինչի... մարդկային
լավագույն որակների մարմնացումը… իդեալական մարդու տիպարը… մարդ, որը մի քանի հարյուր
տարով առաջ անցավ իր ապրած ժամանակից, ով դեռևս իր կենդանության օրոք փառքի և ճանաչման
արժանացավ: Լեոնարդոն այնպիսի վիթխարի ազդեցություն է գործել քաղաքակրթության զարգացման
վրա, որ մեր մոլորակի վրա երբևէ ապրած ոչ մի մարդ այդ առումով նրա հետ համեմատվել չի
կարող:
Գեղանկարիչ,
քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ, երաժիշտ, մեխանիկ, գյուտարար, ինժեներ, ֆիզիկոս,
մաթեմատիկոս, քիմիկոս, բուսաբան, աստղագետ, փիլիսոփա, ախտաբան-անատոմ, երկրաբան, աշխարհագրագետ,
լեզվաբան…
Միայն
ֆիզիկայի բնագավառում նրա ուսումնասիրությունները վերաբերում են օպտիկային, ակուստիկային,
հիդրավլիկային, հիդրոստատիկային, հիդրոդինամիկային, օդերևութաբանությանը, օդագնացությանը,
մեխանիկային: Մինչ օրս էլ նրա ձեռագրերն ու ստեղծագործություններն ուսումնասիրողները
դեռ շարունակում են նոր ու զարմանալի հայտնագործություններ կատարել: Կարելի է ասել,
որ իր մահվանից 500 տարի հետո էլ Լեոնարդոն դեռ շարունակում է մեզ համար բացահայտել
աշխարհը:
Լեոնարդոն կանխել է Կոպերնիկոսի, Գալիլեյի,
Նյուտոնի և Դարվինի դարակազմիկ հայտնագործությունները՝ ժամանակի մեջ առաջ անցնելով
նրանցից: Նյուտոնից դեռևս 200 տարի առաջ նա արդեն ձևակերպել էր իներցիայի սկզբունքը,
որը երկար տարիներ հենց այդպես էլ կոչվում էր՝ Լեոնարդոյի սկզբունք: Լեոնարդոն հայտնագործեց
նաև տիեզերական ձգողականության ուժը: Կոպերնիկոսից դեռևս 40 տարի առաջ նա գրել է՝
<<Արեգակը չի շարժվում>>, Գալիլեյից առաջ անցնելով՝ Լեոնարդոն առաջարկում
էր մեծ խոշորացույց օգտագործել երկնային մարմինների մակերևույթն ուսումնասիրելու համար:
Ավտոմեքենա,
ուղղաթիռ, սուզանավ, տանկ, բազմափող թնդանոթ, գնդացիր, կատապուլտ, ջրասուզակի սկաֆանդր,
դելտապլան, պառաշյուտ, լուսարձակ, փրկարար օղակ, ամբարձիչ կռունկ, էքսկավատոր… այս
բոլորի նախատիպերի հեղինակը Լեոնարդոն է: Նաև բազմազան հաստոցներ՝ մետալուրգիական վառարաններ,
մետաղագործական հաստոցներ, փայտամշակման ու ջուլհակագործական հաստոցներ ու մեքենաներ,
տպագրական մեքենա, հղկող մեքենաներ, մետաղյա պտուտակներ պատրաստող հաստոց: Նրա գծագրերում
ինչ ասես՝ կա… մինչև անգամ զարթուցիչ, որը քորում էր քնած մարդու ոտքերը: Հեռուստատեսության,
հեռախոսի ու թռչող ապարատների ստեղծումից դեռևս 500 տարի առաջ Լեոնարդոն կանխատեսում
էր դրանց ի հայտ գալը: Ինչպես հաճախ է պատահում իրենց ժամանակից շատ առաջ անցած հանճարեղ
հայտնագործությունների հետ, Լեոնարդոյի բազմազան գյուտերն ու հայտնագործությունները
գործնական կիրառություն չգտան նրա կենդանության օրորք և հետագա 400 տարիների ընթացքում:
Այնպես որ, նրա գիտական աշխատանքները, նախագծերն ու մշակումները իր ժամանակներում լայն
տարածում չգտան:
Լեոնարդոն իր աշակերտների հետ մարդու և կենդանիների դիահերձումներ էր կատարում, ուսումնասիրում
էր մարդում մարմինը, օրգաների ֆունկցիաներն ու գործունեությունը: Նա առաջինն էր, որ
անատոմիական նկարներ էր պատրաստում: Մարդու օրգանների ապակյա մոդելներ պատրաստելը նույնպես
Լիոնարդոն է հնարել, նա է հնարել աչքի անատոմիական հատման մեթոդը: Նրա ժամանակներում
համարվում էր, որ աչքը հատուկ լույս է արձակում, որը ընկնում է առարկաների վրա և տեսանելի
է դարձնում դրանք: Մինչդեռ Լեոնարդոն ապացուցեց, որ հակառակն է կատարվում: Լիոնարդոն
առաջինն է նկարագրել սրտի աջ փորոքի կափույրը, որը նրա անունով է կոչվում: Նա առաջինն
է նկարագրել մի շարք ոսկորներ և նյարդեր:
Նա առաջինը նկարագրեց արևի ազդեցությունը
և երկրի ձգողականության ազդեցությունը բույսերի վրա: Նա հայտնագործեց բույսերի ցողունների
կառուցվածքի ուսումնասիրման միջոցով բույսերի տարիքը որոշելու հնարավորությունը, ինչպես
նաև ծառերի տարիքի որոշումը, տարեկան օղակների միջոցով:

Լեոնարդոն իր կերպարների համար մոդելներ, նախատիպեր
գտնելու նպատակով սիրում էր շրջել քաղաքում, արտասովոր դեմքով մարդ հադիպելիս կարող
էր ժամեր շարունակ հետևել նրան, իսկ արվեստանոց վերադառնալուց հետո այնպիսի ճշտությամբ
էր վերարտադրում այդ դեմքերը, ասես բնորդը նրա կողքին կանգնած լիներ: Նա հավասար հետաքրքրությամբ
ուսումնասիրում էր ինչպես գեղեցիկ ու ներդաշնակ, այնպես էլ տգեղ ու այլանդակ դեմքերը:
Իր կտավների բացասական հերոսներին (օրինակ՝ Հուդային) նախատիպեր գտնելու համար նա այցելում
էր հասարակաց տներ, որտեղ հաճախ հանցագործներ էին այցելում:

Լեոնարդոն ուսումնասիրում էր բառացիորեն
ամեն ինչ: Բայց նրա ուսումնասիորւթյունների կենտրոնական առարկան ինչ խոսք մարդն էր:
Նկարը, որը անվանում էին <<Վիտրուվիուսյան մարդը>> (1487թ.) հետագայում
կոչեցին <<Կանոնիկ համամասնություններ>>: Նկարում պատկերված են իրար վրա
վերարտադրովող երկու կեցվածքներ, որնց համակցումից իրականում չորս տարբեր կեցվածքներ
են առաջանում: Հետքրքիրն այն է, որ մարդու տարբեր կեցվածքների փոփոխման ժամանակ նրա
մարմնի կենտրոնը՝ պորտը, մնում է անշարժ: Լեոնարդոն այս նկարը պատկերել է որպես Հին
հռոմեկան ճարտարապետ Վիտրուվիուսի աշխատությունների մասին գրքի նկարազարդում, ով կազմել
է մարդու մարմնի և նրա մասերի չափերի համամասնությունների սանդղակը:
Այն պատկերները, որոնք առատորեն
տրամադրում է առօրյա կյանքը, նրան լրիվ բավարարոմ էին իր ասելիքը տեղ հասցնելու համար:
Նա չէր կտրվում բնությունից, գոյություն ունեցող իրական աշխարհից, այլ շարունակում
էր հարազատ մնալ նրան: Նա հորինովի, հեքիաթային աշխարհների կարիք չէր զգում, քանզի
նրա համար բնության ստեղծած այս առօրեական, սովորական ու շոշափելի աշխարհը միաժամանակ
նաև ամենաաներևակայելին ու ամենաֆանտաստիկն էր:
Մարիանա Սարգսյան
Մարիանա Սարգսյան