Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության օր
Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության օր է,
տոն որը կարևոր է ցանկացած ընտանիքի համար: Այս օրը մեր տոնացույցի փառավոր էջերից
մեկն է, այն երբեք չի ջնջվի մեր պատմությունից: Այն հավերժ նշված
կլինի օրացույցում և մշտապես կհիշեցնի այդքան երկար սպասված, արյամբ ձեռք բերված հաղթանակի
մասին:
Մայիսի 9-ը առաջին անգամ նշվել է 1945 թվականին: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ստորագրվեց
Գերմանիայի անվերապահ կապիտուլացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում: Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը: Առավոտյան ժամը 6-ին բոլոր բարձրախոսներից պաշտոնապես հնչեց Մայիսի 9-ը հաղթանակի օր հռչակելու և ոչ աշխատանքային օր գրանցելու մասին ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահի հրամանագիրը:
Այս տոնը խաղաղ ապրելու և արարելու, ինքնության
և հարստության համար պայքարող հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշն է: Հայոց ցեղասպանության
վերքը դեռ չսպիացած՝ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը գիտակցաբար
մասնակցեց չարիքի դեմ պայքարին: Հայ զինվորներն անցան Երկրորդ աշխարհամարտի թոհուբոհով
և իրենց ներդրումն ունեցան նացիզմի ջախջախման գործում՝ ստանալով թիկունքում մնացածների
անձնուրաց աջակցությունը: Մերօրյա պատմության մեջ այդ հաղթանակների պսակը Շուշիի առումն
ու Արցախի ազատագրումն էր:
Հաղթանակի
օրը նշվել և մինչ օրս էլ նշվում է մեծ շուքով: Այդ օրը բոլորը, առանց տարիքային սահմանափակման, ծաղիկներ են դնում հուշարձանների, հավերժական կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր զոհվածներին: Սովորաբար տոնակատարությունն ուղեկցվում
է հաղթական զորահանդեսով, տոնական հրավառությամբ, զվարճալի միջոցառումներով:
Հայ ժողովրդի համար Մայիսի 9-ը եռակի հաղթանակի օր է՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ,
Շուշիի ազատագրում,
որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտոնական բանակի ստեղծումը : Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայկական հինավուրց հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակավորման նոր փուլ՝ վճռական բեկում է մտցվել պատերազմում, և ԼՂՀ անկախությունը դարձել է ավելի քան իրական: Շուշիի ազատագրումը նաև տնտեսական անհրաժեշտություն էր. ցամաքային և օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիի անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինճպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը:
Շուշիի ազատագրումն Արցախյան պատերազմի շրջադարձային հաղթանակն էր, որը թերևս դարձավ այսօրվա անկախ Արցախի ստեղծման հիմքը: Իհարկե, սա հաղթանակ էր, որի համար հայ ժողովուրդը մեծ գին վճարեց, հազարավոր հայորդիների արյուն թափվեց հայրենական հողը պաշտպանելու և այն թշնամուն չզիջելու համար: Հանուն իր ընտանիքի, հանուն իր հայրենիքի, հանուն պապենական հողի հայը չվարանեց զենք վերցնել և սեփական արյամբ նվաճել հաղթանակը: Վստահ եմ՝ Շուշիում կերտվեց այն հաղթանակը, որը հայկական գենի մեջ էլ ավելի ամրապնդեց սեփականը պաշտպանելու և հանուն հայրենիքի և ազգի անգամ կյանքը վտանգելու գաղափարը:
Աննա Առաքելովա
Աննա Առաքելովա

.jpg)
