Մայիսի 28-ից հայը հռչակվեց քաղաքացի, տոնդ շնորհավոր Հայաստան

1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի:
Այն գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի: Իրականում այն ամենամեծ հեղափոխությունն էր, որ նոր ժամանակներում կատարվեց հայ ժողովրդի սրտում և գիտակցության մեջ:
Մայիսի 28-ով հայ ժողովուրդը որդեգրում էր արժեքային նոր համակարգ` անկախություն և ժողովրդավարություն: Եթե ներկայիս Հայաստանը ժառանգորդն է առաջին Հանրապետության (իսկ դա այդպես է), ապա առաջին հերթին ժառանգորդն է այդ արժեքային համակարգի:

Մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք հպատակ էինք. այդ օրը հայը հռչակվեց քաղաքացի: Ազատ երկրի ազատ քաղաքացի դառնալու ճանապարհը երկար է և բարդ: Ճանապարհի դժվարությունները մենք հաղթահարում ենք մինչև այսօր, բայց սա նոր սկիզբ էր և քաղաքական ճիշտ ուղեգիծ: Հայության բոլոր հատվածներն ու ժողովրդի բոլոր խավերը պատվով բռնեցին ճակատագրական քննությունը: Դա կատարվեց մի այնպիսի պատմական պահի, երբ շատերն աշխարհում բարձրաձայն կամ իրենց մտքի մեջ արդեն խաչ էին քաշել Հայաստան երկրի և հայության վրա: Ավելին` մեզանում էլ քիչ չէին հուսահատվածները: Բայց ազգային միասնությունը փայլուն դրսևորումներ ունեցավ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում: 

Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև։
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը):
1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց եւ խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: 




Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մենք բոլորս միասին և առանձին-առանձին արժանի շարունակողը լինենք մայիսի 28-ին սկիզբ դրված գործի: Եթե մինչև 1918 թվականի մայիսի 28-ը մենք և աշխարհը լսում էինք ցեղասպանություն ապրած ազգի հառաչանքները, ապա այդ օրը հնչեց մի ուրիշ ձայն: Դա վերապրելու, լինելու, հավերժանալու կանչն էր, և դրա արձագանքները սերունդների հոգիներում են:


by Karine Bayramyan

Популярные сообщения