Ինչպե՞ս ճիշտ հարց տալ. փոխհասկացողության արվեստը
Բոլորս էլ հարցեր ենք տալիս։ Օրվա մեջ տասնյակ անգամներ. երբ մի բան չենք հասկանում, երբ ուզում ենք իմանալ, երբ փորձում ենք շփվել կամ ուղղակի կիսել հետաքրքրություններ։ Բայց հարց տալը պարզապես խոսք չէ։ Դա հաղորդակցության ամենազորեղ միջոցներից մեկն է, որը կարող է բացել նոր հեռանկարներ, հարթել հարաբերություններ, լուծել հակասություններ կամ, ընդհակառակը, թյուրըմբռնում առաջացնել։
Այսպիսով՝ ինչպե՞ս տալ ճիշտ հարց
•Հարցը սկսվում է նպատակից
Ամեն հարց պետք է ունենա իր նպատակը։
Ի՞նչ ես ուզում իմանալ։ Ի՞նչ արձագանք ես ակնկալում։ Եթե հարցդ հստակ նպատակի վրա չի հիմնված, այն կամ մոլորեցնող կլինի կամ կընկալվի որպես ճնշում։ Բացի սա հարցը պետք է լինի հստակ ու հասկանալի, քանի որ բարդ, երկիմաստ կամ չափազանց երկար հարցերը շփոթեցնում են զրուցակցին։
Օրինակ՝ «Ինչպիսի՞ն էր քո մոտեցումը տվյալ խնդրի նկատմամբ՝ հաշվի առնելով ներկա քաղաքական, տնտեսական ու մարդկային գործոնները՝ համադրած կազմակերպության ներքին քաղաքականության հետ»։
Սա հարց չէ, այլ խճճված երկխոսություն։
Փորձիր քո հարցը կառուցել պարզ և մեկ գաղափարի շուրջ։
«Ի՞նչն էր կարևոր այս որոշումը կայացնելիս»։
•Տոնն ու ձայնը նույնքան կարևոր են, որքան բառերը
Նույն հարցը կարող է ընկալվել ինչպես հոգատար, այնպես էլ վիրավորական՝ կախված նրանից, թե ինչպես ես այն տալիս։ Տոնը, ժեստերը, հայացքը հարցին «դիմագիծ» են տալիս։
•Լսելու պատրաստակամությունըհարց տալու մաս է
Մի՛ տուր հարց, եթե պատրաստ չես լսել պատասխանը։ Ճշմարիտ հարցը գալիս է իրական հետաքրքրությունից, ոչ թե դատողությունից։
Պետք է հիշել՝ լավ հարցը հնարավորություն է տալիս զրուցակցին բացվել։ Երբեմն այն կարող է ավելի շատ օգնել, քան պատրաստի խորհուրդը։
Եվ վերջում՝ մի բան. հարց տալու մշակույթը՝ հասուն հասարակության հիմքն է։
Ճշմարիտ հարցը ուժ ունի։ Այն միտք է փոխում, բանավեճ է ստեղծում, մարդկանց միմյանց է մոտեցնում։ Ու հենց դրանով էլ այն դառնում է ոչ թե պարզապես բառերի շարան, այլ՝ զգայուն, խելացի ու նուրբ հաղորդակցման ակտ։
Комментарии