Շնորհավոր բոլորիս Վարդավառի տոնը



Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է` որպես Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է` որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Վաղը Վարդավառի տոնն է կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Տոնը շարժական է, և նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո:
Այս տոնին սովորություն կա ժողովրդի մեջ աղավնիներ թռցնելու և միմյանց վրա ջուր ցողելու, որը գալիս է Նոյ նահապետի օրերից, ի հիշատակ ջրերի ետ քաշվելուն:
 Ինչո՞ւ ենք այս տոնը Վարդավառ կոչում:
Պատասխան. -Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը:
 Վարդն ունի երեք որակ. կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Երրորդությունը: Իսկ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, իսկ անուշահոտությունը՝ Հոգին, որ փչեց առաքյալների վրա՝ ասելով. «Առե՜ք Սուրբ Հոգին»: Եվ դա ըստ այս խոսքի. «Իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր, ընտրյալ է՝ տասը հազարից»:
 Հարց. -Ինչո՞ւ ենք Վարդավառը տոնում Հարությունից ու Համբարձումից հետո, քանզի Տերը խաչելությունից քառասուն օր առաջ պայծառակերպվեց:
 Պատասխան -Քանզի Ինքն ասաց, որ Իր մասին չպատմենք մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը, այդ պատճառով Հարության տոնը կատարելուց հետո ենք նշում:
Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը:
Այս տարի Վարդավառը նշվում է հուլիսի 23-ին: Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյը Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց: Ամեն դեպքում, մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել:
Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը Վարդավառի տոնին, երբ խմբերի բաժանված, պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ: Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը: Տոնը սկսվում է շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները մատաղ են անում, անասուն մորթում և գիշերային խարույկի շուրջ դիմավորում Վարդավառը: Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել հատկապես Լոռիում, որտեղ Վարդավառը ժողովրդական ամենասիրելի տոնն է:
 Վարդավառը նաև խնձորի տոն էր: Առհասարակ, Վարդավառի սեղաններին առատ է եղել միրգը: Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Այս սովորույթը ուղեկցվել է որոշ ծեսով:
Տոնի ծիսական ուտեստը խորոված խնձորն է եղել: Հայերը պարտադիր գիշերը խարույկ էին վառում ու խնձոր խորովում: Իսկ տոնածառերը սովորաբար հսկում էին ծեր կանայք, որոնք ենթադրվում էր, որ Աստղիկ աստվածուհու նախատիպը կարող էին լինել: Նախկինում եկեղեցու դռները զարդարվում էին խնձորներով, վարդերով ու վարունգներով: Իսկ թե ինչու հատկապես խնձոր, քանի որ այն համարվում է բեղմանվորման սկիզբը:
 Տոնի ծեսերից այսօր պահպանվել է միայն ջրցողումը: Իսկ վերջինիս խորհուրդը բացատրվում է հետևյալ կերպ. «Միմյանց վրա ջուր ցողելով մարդիկ իբրև ազատվում են և՛ ահից ,և՛ հիվանդություններից: Նրանք դառնում են երկարակյաց: Վարդավառի ջուրը իր մեջ ուներ գերբնական հատկություններ: Այդ ջրցողումները չէին արվում այնպես, ինչպես այսօր փողոցերում: Դրանք արվում էին ջրամբարների ու գետերի մոտ, այնտեղ որտեղ ջրառատ միջավայր կար: Նրանք հավատում էին, որ դրանով իրենց ապահովում են չարից ու հիվանդություններից»:
Հնում Վարդավառը, թերևս միակ տոնն էր, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարևոր խորհուրդն ուներ, և նույնիսկ որոշ շրջաններում այդ օրը` հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները պարտադիր գալիս էին: Նրանք հանդիպում էին հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմյանց կարոտը, արտահայտում փոխադարձ սեր ու նվիրվածություն: Փաստորեն, դա նաև միակ տոնն էր, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դեր ուներ: Վարդավառը նաև իր մեջ պտղաբերության խորհուրդն էր կրում: Հնում տոնի առթիվ կազմակերպում էին խնջույքներ և մեծ շուքով տոնում էին այն:
 Վարդավառի տոնը որքան էլ հին, որքան էլ ձիգ դարերով անցած տոն է` միևնույն է, այսօր էլ չի կորցնում իր արժեքն և դեռ ավելին` տարեցտարի ավելի է սիրվում ու մեծ սիրով սպասված տոն դառնում:
Թո’ղ ամենազոր Աստծո աջը այս օրը հովանի և պահապան լինի համայն հայությանը: Հիսուսի պայծառակերպության լույսի ներքո զանազանենք լավը` վատից, չարը` բարուց, արդարը` անարդարից, թշնամին` բարեկամից, որպեսզի կարողանանք հայավայել ապրել ու գործել: Շնորհավոր բոլորի Վարդավառի տոնը:

 by Karine Bayramyan

Популярные сообщения